Ստաս Նամինի լեգենդար «Ցվետի» խումբը երևանյան բացառիկ մենահամերգով հանդիսատեսին տարավ հիշողությունների գիրկը

5 րոպեի ընթերցում

Հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բացառիկ համերգով հանդես եկավ «Ցվետի» (Цветы) խումբը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խորհրդային Միությունում ստեղծված և մինչ օրս ակտիվ գործունեություն ծավալող խումբը, որն անցել է տասնամյակների փորձությունների միջով, կատարեց Звездочка моя ясная, Летний вечер, Мы желаем счастья вам և մի շարք այլ հիթեր, նոր երգեր։

Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց սիրված արտիստներին, նրանց հետ երգեց ու հիշեց անցյալը։

Կես դարից ավելի ռոք երաժշտության պատմություն կերտած խումբը հանդիսատեսին  անմոռանալի հույզեր պարգևեց, իսկ Ստաս Նամինը, Ալեքսանդր Գրեցինը, Վալերի Դիորդիցան, Յուրի Վիլնինը, Օլեգ Պրեդտեչենսկին և Նամինի թատրոնի վոկալիստները տպավորեցին իրենց վարպետությամբ ու անսպառ էներգիայով։

Նամինի խոսքով՝ «Ցվետի» խումբը քառասուն տարի առաջ է եղել Հայաստանում։ «Մարդիկ, որոնք դեռ հիշում են այդ ժամանակները, որոնք դեռ ռեփի, ռաբիսի ազդեցության տակ չեն, կվայելեն համերգը»,-ասաց երաժիշտն ու հավելեց՝ հաճելի է, որ դահլիճում կան մարդիկ, որոնք խմբի ստեղծման ժամանակ դեռ չէին ծնվել։ «Մենք  Խորհրդային Միության ամենահին խումբն  ենք։ «Ցվետի»-ն ավելի քան 55 տարեկան է, և վերջերս մեր խմբի անունը հայտնվեց Լիվերպուլի այն ակումբի վրա, որտեղից իրենց երաժշտական գործունեությունը սկսել է «Բիթլզ»-ը»,-պատմեց Նամինը։

«Ցվետի»-ն նաև համերգով է ներկայացել այդ ակումբում։ Նամինը ծիծաղով նշեց, որ խումբը ստեղծվել է մոսկովյան մի փոքրիկ ակումբում, նվաճել է մեծ բեմերն ու վերադարձել է փոքրիկ ակումբ։ «Մենք բիթլյան խումբ ենք, «Բիթլզ»-ի երկրպագուներ ենք, և հենց այդ ոճում ենք  երգում ու նվագում»,-շեշտեց երաժիշտը։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում Պարոնյանի անվան թատրոնում ցուցադրվել են «Իմ սիրտը լեռներում է» դրաման՝ հիմնված Վիլյամ Սարոյանի ստեղծագործության վրա, «Բիթլոմանիա» մյուզիքլը, «Մազեր» լեգենդար հիպի-ռոք մյուզիքլի բացառիկ բեմադրությունը, որը պատմում է երիտասարդության, ազատության և սիրո մասին, իսկ  Հայաստանի նկարիչների միությունում մինչև մայիսի 11-ը կգործի Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսը՝ «Իմ Հայաստան», «Ռոքնռոլի արմատները», «Ազատության դեմքեր» խորագրերով։

«Շատ շնորհակալ ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը մեր թատրոնը Երևան հրավիրելու, իմ կտավների ցուցադրությունը կազմակերպելու համար։ Դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեր թատրոնը շատ է սիրում Հայաստանը»,-ավելի վաղ նշել էր Նամինը։

Անդրադառնալով հոբելյանական միջոցառումներին՝ նա ընդգծել է՝ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը շատ լուրջ աշխատանք է՝ ռեժիսորի ընդգծված մոտեցմամբ։ «Այն Հայաստանի, հայկական լեռների մասին է, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեման է արծարծում, որին Սարոյանը չի անդրադառնում, սակայն նա շատ լավ իմացել է, թե ինչի մասին է խոսքը, պարզապես քաղաքական իրավիճակից ելնելով չի խոսել այդ մասին, իսկ մենք կարող ենք»,-ասել է Նամինն ու հավելել՝ իրենց թատրոնի արտիստները երեք մասնագիտություն ունեն՝ դերասանական վարպետություն, մասնագիտական իրական վոկալ և շարժման պլաստիկա՝ ժամանակակից պար։ «Դերասանները փայլուն տիրապետում են այդ ամենին։ Նշեմ, որ «Մազեր» ներկայացումը խաղացել ենք նաև  Հոլիվուդում, և մեր թատրոնը եղել է աշխարհում հինգ լավագույններից մեկը, որը բեմադրել է այդ գործը»,-եզրափակել է Ստաս Նամինը։

Հոբելյանական  միջոցառումներն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հայերեն