Հայաստան

Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ

Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի տեսակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում անդրադառնալով խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին։

Պաշտպանն ընդգծել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը երբեմն ընկալվում է որպես անսահմանափակ իրավունք, ինչի հետևանքով տարածվում են ատելություն, խտրականություն և բռնություն հրահրող խոսույթներ։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ խոսքի ազատությունն ունի հստակ սահմաններ, իսկ հասարակության մեջ պատասխանատվության մշակույթի ձևավորման հարցում առանցքային դերակատարում ունեն բոլորը։

Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարել խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում պատասխանատվության գործիքների, մասնավորապես քրեական պատասխանատվության կիրառման ոչ միասնական պրակտիկան՝ ընդգծելով, որ տարբերակված մոտեցումների կիրառումը հաճախ ստեղծում է հայեցողականության տպավորություն:

Անահիտ Մանասյանն առանցքային է համարել քրեական պատասխանատվության կիրառման միասնական պրակտիկայի ձևավորումը և նշված գործիքի կիրառումը բացառապես համարժեք հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում:

Պաշտպանը խնդրահարույց է համարել այն հանգամանքը, որ վարքագծի կանոնների խախտում հանդիսացող նման խոսքի տեսակները գրեթե չեն հանգեցնում կարգապահական պատասխանատվության գործիքների կիրառման:Հատկապես նախընտրական ժամանակահատվածի համատեքստում Անահիտ Մանասյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին իրենց քաղաքական խոսույթում բացառել խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները այլ կերպ խախտող խոսույթի տեսակները: 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում