Իրավունք

Քննվում է նաև Արթուր Սարգսյանի դեմ ներկայացված ապօրինի գույքի բռնագանձման հայցը․ Վարդապետյանը՝ ընդդիմադիրների քննադատությանը

2 րոպեի ընթերցում

Քննվում է նաև Արթուր Սարգսյանի դեմ ներկայացված ապօրինի գույքի բռնագանձման հայցը․ Վարդապետյանը՝ ընդդիմադիրների քննադատությանը

Հակակոռուպցիոն դատարանը քննում է նաև Սիսիանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի դեմ ներկայացված ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հիշեցրեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ քրեական վարույթի վերաբերյալ քննադատություններին:

«Ձեր գործընկեր Արթուր Սարգսյանի հետ կապված քրեական վարույթից խոսելուց մոռանում եք նշել, որ 2025 թվականի հունիսի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում»,- ասաց Գլխավոր դատախազը:

Պահանջ է ներկայացվել Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • 2 անշարժ գույք Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,
  • 2 անշարժ գույք Սիսիան քաղաքում,
  • 3 ավտոմեքենա,
  • 6 իրավաբանական անձանցում մասնակցություն,
  • առևտրային բանկերում ներդրված 5 ավանդ՝ 11 հազար 865 ԱՄՆ դոլարի և 1 միլիոն 104 հազար դրամի չափով,
  • 1 փոխառության պահանջի իրավունք՝ 1 միլիոն 400 հազար դրամի չափով,
  • 1 միլիարդ 53 միլիոն 195 հազար դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

«Ես ձեզ առնվազն մեկ շաբաթ առաջ, կրկին Պետաիրավական հանձնաժողովի նիստում, տեղեկացրել եմ, որ եթե ասելիք ունեք, համեցեք, ստորագրեք, որ տեղեկացված եք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, և այն, ինչ առաջին իսկ պատահած բարձրախոսով գոչում եք, համեցեք, քրեական վարույթի շրջանակներում, ցուցմունք տվեք, կրկնում եմ՝ ստորագրելով, որ տեղեկացված եք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ չեք անի»,- եզրափակել է Վարդապետյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում