Փաշինյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի քննարկումները պատմական նոր հեռանկարներ են բացահայտել
4 րոպեի ընթերցում

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի քննարկումների ընթացքում ի հայտ են եկել դրա պատմականության նոր շերտեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
«Մեր իրականության մեջ պատմականորեն կա այնպիսի ընկալում, թե Հայաստանը գտնվում է վատ կամ նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում։ Այսօր շատ խորհրդանշական էր լսել Եվրամիության գործընկերներից, որ Հայաստանը գերազանց աշխարհագրական դիրք ունի և գտնվում է Արևելքի ու Արևմուտքի միջև, կամ՝ Արևելքն ու Արևմուտքն իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա։ Սրանով, թերևս, արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, այս ձևակերպումներն արտահայտում են պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք, միևնույն տեղում գտնվելով, քաղաքական գործընթացների արդյունքում՝ պատմական աշխարհագրական վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք»,-ասաց Փաշինյանն՝ ընդգծելով, որ աշխարհագրական այն դիրքը, որն օգտագործվում էր Հայաստանի խնդիրները բացատրելու համար, այսուհետ ծառայում է ինքնիշխան, ազատ, բարեկեցիկ, անվտանգ երկիր ունենալու տեսլականն իրագործելու համար։
Վարչապետը պատմական է համարել նաև ԵՄ-ի հայտարարությունը, որով տնտեսվարողներին կոչ է արվում ներդրումներ անել Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ։
«Սովորաբար, նախորդող ողջ շրջանում, անկախությունից ի վեր, Հայաստանը համարվել է ներդրումների ռիսկային գոտի։ Հիմա ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում տնտեսվարողներին ներդրումներ կատարել Հայաստանում։ Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև մենք նախկինում երբևէ նման կոչ, ուղերձ չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից»,-ընդգծել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ընդգրկում է էներգետիկ ոլորտը։ Մեկտեղ նկատել է, որ Հայաստանը պատմականորեն համարվել է նաև էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից սահմանափակ՝ դասվելով այդ առումով կախյալ երկրների շարքին։
«Նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանն ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև ունենք տարածաշրջաններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը, ինչը նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, և շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին Հայաստանում կուտակիչ կայանները զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար»,-ներկայացրել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ ծրագրեր կան նաև ջրի ցերեկային կուտակման և գիշերային ժամերին օգտագործման, կանաչ ջրածնի արտադրության տեխնոլոգիաների զարգացման և այլ հնարավոր ուղղություններով։
Վարչապետը համատեղ օրակարգում կարևորել է նաև տրանսպորտային կապակցվածությունը, ինչը, հարևան երկրների հետ համագործակցությամբ, հնարավորություն է ընձեռում ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին՝ երկաթուղային, ավտոմոբիլային, ինտերնետ կապի, էլեկտրաէներգիայի փոխադրումներին։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և անձամբ Անտոնիու Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լայենին` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում ցուցաբերած աջակցության համար։ Նա միաժամանակ ակնկալիք է հայտնել անկախ դատական համակարգի, կոռուպցիայի դեմ ավելի համակարգված պայքարի, բարեվարքության համակարգերի ավելի գործուն մեխանիզմների ներդրման և մի շարք այլ ուղղություններով Եվրամիությունից շարունակական աջակցություն ստանալու վերաբերյալ։