Հայաստան

Անահիտ Մանասյանը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված խորհրդաժողովին

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանը մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված խորհրդաժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 1-ին մասնակցել է «Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները» խորագրով պանելային քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ Պաշտպանը նշել է, որ չնայած կատարվող փոփոխություններին` ոլորտում դեռ շատ են խնդիրները և գործնականում քաղաքացիները հաճախ բախվում են խտրականության, ենթադրյալ ապօրինի ազատումների և անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների բացակայության խնդիրների։

Պաշտպանը շեշտել է, որ աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Անդրադառնալով աշխատանքային իրավունքների պաշտպանությանը՝ Պաշտպանը նշել է. «Չնայած առկա մեխանիզմներին՝ առավել խոցելի վիճակում գտնվող խմբերն են հաճախ ստանում նվազագույն պաշտպանություն։ Անհրաժեշտ է բարձրացնել իրավագիտակցությունը և ապահովել աշխատանքային միջավայրի իրական ներառականություն»։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև արդար վարձատրության ապահովումը, արտաժամյա աշխատանքի փոխհատուցումը, սեռական ոտնձգությունների կանխարգելման մեխանիզմները,  գործադուլի իրավունքին առնչվող օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը, ինչպես նաև երեխաների հարկադիր աշխատանքի կանխարգելումն ու միգրանտ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերը։

Միջոցառումը նախաձեռնել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։

Պանելային քննարկմանը ելույթ են ունեցել նաև ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանում և Վրաստանում Համերաշխության կենտրոնի ղեկավար Տետյանա Սոլոդովնիկը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում