Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Լա Սկալայի օպերային թատրոնը համատեղ հանդես կգան Օմանում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Լա Սկալայի օպերային թատրոնը համատեղ հանդես կգան  Օմանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը Միլանի Լա Սկալայի օպերային թատրոնի բեմադրությամբ Մասկատի Թագավորական օպերային թատրոնում համատեղ կներկայացնեն իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասքուալե» օպերան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։

Բեմադրության հեղինակը հայտնի ռեժիսոր Անդրեա Դե Ռոսան է։ Ներկայացումները բեմ կբարձրանան ապրիլի 30-ին և մայիսի 2-ին՝ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ։ Իսկ մայիսի 1-ին Մասկատի օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Գաբրիելա Կաստիլոն և Ռաուլ Ամայան։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր տարի ներկայանում է Մասկատի Թագավորական օպերային թատրոնի համերգաշրջանում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ նվագախումբն Օմանում հանդես է գալիս ամենատարբեր նախագծերով՝ ներկայացնելով սիմֆոնիկ երկացանկից մինչև օպերային և բալետային ներկայացումներ, ինչպես նաև տարբեր ժանրերի համադրություններ, ինչը և միջազգային ասպարեզում նվագախմբի հաջողությունների գրավականն է. «Այս հյուրախաղերն ամրապնդում են Հայաստանի և Օմանի միջև մշակութային կապերը։ Բացի համերգային գործունեությունից, մենք արդեն սպասված հյուր ենք Օմանի երաժշտասեր հանրության համար»։

Օմանի Թագավորական օպերային թատրոնում տարբեր տարիներին կայացել են նվագախմբի համերգները՝ ապահովելով հայկական երաժշտարվեստի բարձրակարգ ներկայացումը միջազգային հեղինակավոր հարթակում և նպաստելով Հայաստանի ու Օմանի միջև միջմշակութային կապերի խորացմանը։

Հիշեցնենք, որ Օմանի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վաղեմի գործընկերներից է։ Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, նվագախմբի միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Ումբերտո Ֆաննին արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալի։ Մրցանակն արվեստագետին Երևանում հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում