Սպորտ

30 խաղ, 100 000 երկրպագու ՀՀ-ում. ինչ է սպասվում ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը

3 րոպեի ընթերցում

30 խաղ, 100 000 երկրպագու ՀՀ-ում. ինչ է սպասվում ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը

2029 թվականին ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության շրջանակում Հայաստանում նախատեսվում է անցկացնել շուրջ 30 խաղ, իսկ մրցաշարի ընթացքում երկիր կայցելի ավելի քան 100 հազար երկրպագու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ներկայացնելով նախնական ծրագրերը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մրցաշարը նշանակությամբ երկրորդն է ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներից և հաճախ անվանվում է նաև աշխարհի երիտասարդական առաջնություն։

«Ակնկալվում է, որ այդ օրերին կունենանք ավելի քան 100 հազար երկրպագու, որոնք կայցելեն խաղերը դիտելու»,-ասել է նա։

Նախարարի խոսքով՝ նախնական հաշվարկներով Երևանում կանցկացվի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին՝ մինչև 10 խաղ։

«Այսինքն՝ ընդհանուր առմամբ խոսքը շուրջ 30 խաղի մասին է»,– նշել է Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագիրը դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել։

Նա նաև տեղեկացրել է, որ մրցաշարի անցկացումը նախատեսվում է 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Անդրադառնալով ենթակառուցվածքներին՝ Անդրեասյանը նշել է, որ արդեն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։

 Նրա խոսքով՝ Վանաձորի մարզադաշտը գտնվում է վերակառուցման փուլում և նախատեսվում է համապատասխանեցնել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի չափանիշներին՝ ունենալով առնվազն 12 հազար հանդիսատեսի ընդունելու հնարավորություն։

Բացի այդ, Իջևանում նախատեսվում է կառուցել նոր մարզադաշտ, որը նույնպես կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային։

«Հողի հետ կապված աշխատանքներն արդեն ավարտել ենք, և առաջիկայում Կառավարության քննարկմանը կներկայացվի կառուցման առաջարկը»,-նշել է նախարարը։

Անդրադառնալով ՖԻՖԱ-ի որոշմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այն բնութագրեց որպես կարևոր ձեռքբերում։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում՝ և՛ ֆուտբոլային տեսանկյունից, և՛ ընդհանուր առմամբ»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի գործընկերներին և անձամբ վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին՝ մրցաշարի կազմակերպման հայտի շուրջ կատարված աշխատանքի համար։

Նրա խոսքով՝ արդեն անհրաժեշտ է անցնել գործնական փուլին՝ ձևավորելով կազմակերպչական կառույցներ։

«Կարծում եմ՝ պետք է աշխատանքային խումբ՝ կազմկոմիտե ձևավորենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։ Պետք է նաև քննարկենք վրաց գործընկերների և ՖԻՖԱ-ի հետ համատեղ կազմկոմիտեի անհրաժեշտության հարցը»,-նշել է Փաշինյանը՝ ընդգծելով համակարգված աշխատանքի կարևորությունը։

ՖԻՖԱ-ի որոշմամբ մինչև ֆուտբոլի 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում և Վրաստանում։ Հայաստանն ու Վրաստանն առաջնությունն ընդունելու համատեղ հայտ էին ներկայացրել 2024 թվականին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում