Պարը՝ ազգային ինքնությունն ու միասնությունն արտացոլելու լավագույն միջոց. Երևանում շուրջպարով նշվեց Պարի միջազգային օրը
4 րոպեի ընթերցում
Հայկական պարարվեստի գեղեցկությունն ու առանձնահատկությունները հասարակության լայն շրջանակին ներկայացնելու, պարի կենսունակությունն ու ազդեցիկությունն ընդգծելու նպատակով Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ը Երևանում նշվեց «Արի՛, պարի՛» միջոցառումների շարքով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը, որը մեկնարկեց Հանրապետության հրապարակում, իր շուրջ էր համախմբել 4000 պարողի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունից, Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից, հանրաճանաչ պարային խմբերից, ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, ՀՀ մարզերում գործող պարային խմբերից։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Գասոյանի խոսքով՝ միջոցառումը կազմակերպելիս երկար քննարկումներ են անցկացրել և եկել են այն եզրակացության, որ այս ֆլեշմոբը նման մասշտաբով իրականացնելը շատ կարևոր է, քանի որ այն պարի շուրջ է համախմբելու բազմաթիվ մարդկանց, իսկ շուրջպարը միասնության խորհրդանիշ է։
Անդրադառնալով Հայաստանում պարարվեստի զարգացումներին՝ Գասոյանն ընդգծեց, որ տարեցտարի առաջխաղացում է նկատում, և դրանում մեծ դերակատարություն է ունենում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի մենապարող և աշխատակազմի ներկայացուցիչ Ավագ Համբարձումյանն էլ հավաստիացրեց՝ Պարի միջազգայի օրը մեծ նշանակություն ունի պարարվեստի յուրաքանչյուր ներկայացուցչի համար։ Նա հայտնեց, որ շուրջպարի ընթացքում մասնակիցները պարում են երեք ազգային պար՝ «Քոչարի», «Հարսխանե», «Արզումանի»։
«Մեր ազգը պետք է համախմբվի մշակույթի շուրջ, իսկ պարն այն ճյուղն է, որը ներկայացնում է ազգային դեմքը։ Այդ է վկայում նաև այս նախաձեռնությունը, երբ տարբեր պարախմբեր համախմբվել են մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ներկայացնել պարն ազգային ոգով։ Պարն արվեստի այն ճյուղն է, որն ազգություն չի ճանաչում»,-ասաց Համբարձումյանն ու տեղեկացրեց՝ ֆլեշմոբը կազմակերպվում է երկրորդ տարին։ Նախորդ տարի այն անցկացվել է «Կասկադ» համալիրում, որին հազարից ավելի պարող է մասնակցել։
Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումը կրում էր «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը։ Տոնական օրվա շրջանակում պարային ֆլեշմոբեր են անցկացվելու նաև Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում, իսկ ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:
Միջոցառումների շարքն իրականացվում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո։