Քաղաքականություն

Կանադայի վարչապետը որպես հյուր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետը որպես հյուր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին

Երևանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին որպես հյուր մասնակցելու նպատակով՝ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների հետ միասին Հայաստան կժամանի նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գագաթնաժողովը համանախագահելու են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Հաղորդվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն, թե ինչպես ավելի սերտորեն համագործակցել և համակարգել գործողությունները՝ ժողովրդավարական դիմադրողականությունը ամրապնդելու, կապակցվածությունը խթանելու և տնտեսական ու էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համար։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ 48 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավիրվել են մասնակցելու Երևանում մայիսի 4-ին անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ հանդիպմանը։

«Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կմասնակցի որպես հյուր։ Սա առաջին դեպքը կլինի, երբ ոչ եվրոպական երկիր կմասնակցի հանդիպմանը։ Հրավիրված երկրներն են՝ ԵՄ 27 անդամ պետություններ, Ալբանիա, Անդորրա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Կանադա, Վրաստան, Իսլանդիա, Կոսովո, Լիխտենշտեյն, Մոլդովա, Մոնակո, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Սան Մարինո, Սերբիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն»,-ասված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում