Իրան

Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր

2 րոպեի ընթերցում

Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է իր Telegram ալիքում։

Հեռախոսազրույցների ընթացքում քննարկումներ են ընթացել տարածաշրջանային զարգացումների և հրադադարի հետ կապված հարցերի շուրջ։

Իսհաք Դարը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում գրառման մեջ նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, հրադադարի և Իսլամաբադի կողմից ԱՄՆ-Իրան փոխգործակցության համատեքստում իրականացվող դիվանագիտական ​​ջանքերի վերաբերյալ։

Նա ընդգծել է շարունակական երկխոսության և փոխգործակցության կարևորությունը՝ չլուծված հարցերը կարգավորելու նպատակով, որպեսզի հնարավորինս շուտ առաջ մղվի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

Գրառման մեջ նաև նշվում է, որ Իրանի ԱԳ նախարար Արաղչին բարձր է գնահատել Պակիստանի հետևողական և կառուցողական միջնորդական դերն այս հարցում։

Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։ Այդ ջանքերի շրջանակում Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Այժմ Պակիստանը փորձում է ամերիկացի և իրանցի պաշտոնյաներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում