Քաղաքականություն

Փաշինյանը համոզված է, որ 2026 թվականին գետնի վրա կսկսեն TRIPP նախագծի իրագործման աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը համոզված է, որ 2026 թվականին գետնի վրա կսկսեն TRIPP նախագծի իրագործման աշխատանքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն TRIPP նախագծի իրագործման աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Համոզված եմ, որ մենք արդեն 2026 թվականին գետնի վրա կսկսենք աշխատանքները։ Իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը։ Այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու, և ես հույս ունեմ, որ մենք կապահովենք աշխատատեղերը Հայաստանի քաղաքացիների միջոցով, և ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել:

Գյումրի-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան սահման երկաթգծի հատվածների վերակառուցում, մենք սա շատ արագ՝ 1-1.5 տարվա ընթացքում կանենք»,- ասել է Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի «Տնտեսական զարգացում» բաժնի կետերից մեկը վերաբերում է TRIPP (Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության)  ներդրումային նախագծի իրագործման աշխատանքների մեկնարկին՝ առնվազն երկաթուղային, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկմամբ։

Նույն բաժնի կետերից մեկն էլ վերաբերում է Գյումրի–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցմանը։

Նշվում է, որ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում և՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, և՛ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, ոչ միայն է՛լ ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունը և համագործակցությունը, այլև այն կվերածեն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ Խաղաղության խաչմերուկի:

TRIPP-ը հայ-ամերիկյան համատեղ ներդրումային նախագիծ է, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։ TRIPP-ի միջոցով նաև ապահովվելու է Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում