Իրավունք

«Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը մեղադրվում է հափշտակության մեջ. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

«Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը մեղադրվում է հափշտակության մեջ. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: 

«Պարզվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված միջոցներից Կոմիտեի գանձապետական հաշիվներին 2019 թվականից մինչև 2024 թվականը վերադարձված 210.946.800 ՀՀ դրամը չի փոխանցել ՀՀ պետական բյուջե: Փոխարենը՝ կազմել է կեղծ հանձնարարագրեր և ներկայացրել գլխավոր քարտուղարների հաստատմանը: Վերջիններս իրենց հերթին, գործելով անզգուշությամբ և տեղյակ չլինելով պաշտոնյայի հանցավոր մտադրությունների մասին,  հաստատել են ներկայացված վճարման հանձնարարականները, որի արդյունքում  վերը նշված գումարը փոխանցվել է գլխավոր հաշվապահի անվամբ գրանցված հաշիվներին:

Արդյունքում՝ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի պաշտոնատար անձը պետական բյուջե վերադարձման ենթակա 210.946.800 գումարից, ինչպես նաև Կոմիտեի գանձապետական այլ հաշիվներից հափշտակել է ընդհանուր շուրջ 187.506.457 ՀՀ դրամ և տնօրինել սեփական հայեցողությամբ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Գլխավոր հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսնգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը: Վերջինս նախաքննության ընթացքում վերականգնել է պետությունից հափշտակված գումարից 110.100.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով դատաքննության ընթացքում վերականգնել պատճառած գույքային վնասի մնացորդը։

Պաշտոնեական անփութության և պետությանն առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նաև տարբեր ժամանակահատվածներում «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած 2 անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում