Ընտրել ենք խաղաղությունը՝ հակամարտության փոխարեն. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ նստաշրջանում

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունն ընտրել է խաղաղությունը՝ հակամարտության փոխարեն, ժողովրդավարությունը՝ վերահսկողության փոխարեն և երկխոսությունը՝ բևեռացման փոխարեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵԽԽՎ տարեկան նստաշրջանում հայտարարել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Այսօր ելույթ եմ ունենում այս դահլիճում ոչ միայն իբրև պատգամավոր, այլև նաև որպես մի հասարակության ներկայացուցիչ, որը վերջին տարիներին կատարել է շատ գիտակցված և երբեմն դժվար ընտրություն՝ իր պետականության կենտրոնում դնելով ժողովրդավարությունն ու խաղաղությունը: 2018 թվականից ի վեր Հայաստանի ժողովրդավարական ուղին չի եղել հեշտ: Այն ենթարկվել է բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, տարածաշրջանային անկայունություն, ներքին ճնշումներ: Այնուամենայնիվ, այն դիմացել է և ամրապնդվել: Այսօր Հայաստանը առաջատար միջազգային ինդեքսներով ճանաչված է որպես խոսքի եւ լրատվամիջոցների ազատության բարձր մակարդակ ունեցող երկիր: Սա վերացական նվաճում չէ. այն արտացոլում է իրականությունը, որտեղ հանրային քննարկումը կենսունակ է, քննադատական, երբեմն անհարմար, բայց ազատ։ Սա հատկապես կարեւոր է ավելի լայն եվրոպական համատեքստում, որտեղ մենք տեսնում ենք ավելի ու ավելի բարդ ընտրական դինամիկա, այդ թվում՝ արտաքին աջակցությամբ ներքին գործընթացներին միջամտելու փորձեր՝ հիբրիդային գործիքների միջոցով»,- նշել է Գրիգորյանը։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանը նույնպես բախվում է նմանատիպ մարտահրավերների, այդ թվում՝ կազմակերպված ապատեղեկատվական արշավների, արտաքին շահերը սպասարկող օրակարգերի առաջխաղացմանը: 

«Առավել ցնցող և միաժամանակ ցավալի է այն, որ Հայ Առաքելական Եկեղեցու փաստացի առաջնորդի գլխավորությամբ բարձրաստիճան հոգևորականները գործիքայնացվում և ակտիվորեն ներգրավվում են երրորդ երկրների շահերը Հայաստանի դեմ սպասարկելու գործում: Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, իրավապահ մարմիններից մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին՝ ընդդիմության կողմից ընտրական գործընթացներում դրանց ապօրինի օգտագործման հիմնավոր կասկածներով: Կան նաև փաստաթղթավորված դեպքեր, այդ թվում՝ ձայնագրություններ, որոնք վկայում են ընդդիմության կողմից ընտրակաշառքի համակարգված աշխատանքների մասին: Սա նշում եմ՝ ընդգծելու համար մի պարզ իրողություն. Հայաստանում ժողովրդավարությունը ոչ միայն հռչակված է, այլեւ ակտիվորեն պաշտպանվում է, և Հայաստանի կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք ու վճռականություն դա անելու»,- ընդգծել է պատգամավորը։

Հռիփսիմե Գրիգորյանը հավելել է, որ այս գործընթացներին զուգահեռ, տարածաշրջանն ականատես է լինում նաև պատմական վերափոխման։

«2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը փոխեց այն իրողությունները, որոնք տասնամյակներ շարունակ անփոփոխ էին թվում՝ անկախությունից ի վեր առաջին անգամ անցել է ավելի քան երկու տարի, որոնց ընթացքում մեր սահմաններին չեն եղել զոհեր և վիրավորներ: Տարածաշրջանային հաղորդակցությունները վերաբացվում են, և դիմակայության տրամաբանությունն աստիճանաբար փոխարինվում է փոխկապակցվածության տրամաբանությամբ: Այնուամենայնիվ, այս առաջընթացը տեղի է ունենում փխրուն աշխարհաքաղաքական միջավայրում: Հարեւան Իրանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները և ավելի լայն տարածաշրջանում ռազմական գործողությունները մեզ հիշեցնում են, թե որքան արագ կարող է կայունությունը վտանգվել: Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանն այսօր կանգնած է խաչմերուկում՝ անցյալի օրինաչափությունների եւ ապագայի հնարավորությունների միջեւ: Մենք ընտրել ենք խաղաղությունը հակամարտության փոխարեն, ժողովրդավարությունը վերահսկողության փոխարեն եւ երկխոսությունը բեւառացման փոխարեն: Մենք վճռական ենք շարունակել այս ճանապարհը եւ բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների՝ ձեր, սիրելի՛ գործընկերներ, աջակցությունը եւ համերաշխությունը մեր ջանքերին»,- եզրափակել է Գրիգորյանը:

Հայերեն English Русский

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին