Սպորտ

Վարչապետը հիշեցրեց Հայաստանում կոմբինացված խաղահրապարակների լայնածավալ ծրագրի մասին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հիշեցրեց Հայաստանում կոմբինացված խաղահրապարակների լայնածավալ ծրագրի մասին

Հայաստանի Հանրապետությունում առաջիկայում նախատեսվում է ևս 100 կոմբինացված խաղահրապարակ կառուցել, որտեղ կլինեն և′ մինի ֆուտբոլի, և′ բասկետբոլի հրապարակներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սպորտի կառավարման կենտրոնում «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի պարգևատրման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհավորեց բոլորին մարզական տոնի առիթով և համոզմունք հայտնեց, որ ամեն նոր տարվա հետ այդ տոնն էլ ավելի հիշարժան է լինելու։

«Արդեն երկրորդ տարին անընդմեջ Երևանի թիմերի գերակայությունն ակնհայտ է, բայց կարծում եմ մարզերը ևս շատ կարևոր մոտիվացիա են ստանում, մանավանդ, որ մենք հիմա դպրոցաշինության ծրագրով և′ Երևանում, և′ մարզերում լայնածավալ ներդրումներ ենք անում և դպրոցների ֆիզկուլտւրայի դահլիճները կառուցվում են հիմնականում բասկետբոլի հենքի վրա»,-ասաց նա։

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ բասկետբոլի լիգան հաղթած թիմի դպրոցի մարզադահլիճը ևս առաջիկայում կվերանորոգվի և ավելի լավ պայմաններ կստեղծվեն մարզվելու համար։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ նման մրցաշարերը նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների աշխատանքի յուրօրինակ գնահատականն է, որովհետև այս մրցաշարերում է, որ կարելի է տեսնել նրանց աշխատանքը։ 

«Մենք ամեն տարվա հետ էլ ավելի մեծ թվով դպրոցներ կընդգրկենք այս մրցաշարում, որովհետև մրցաշարը ոչ միայն սպորտի մասին է, այլ նաև շատ կարևոր հատկություններ ձևավորելու մասին է»,-հավելեց Անդրեասյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում