Երևանյան համաժողովում քննարկվեցին Հայաստանում արհեստական բանականության զարգացման միտումները
8 րոպեի ընթերցում
Հայաստանում արհեստական բանականության զարգացման հեռանկարների քննարկմանը նվիրված AI Conf Armenia 2026 համաժողովը, որը տեղի ունեցավ ապրիլի 18-ին Երևանի պետական համալսարանում, արդեն չորրորդ տարին մտքերի փոխանակմանն էր ներգրավել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, հետազոտողներին և նորարարներին։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը զեկույցներով հանդես եկան ավելի քան 20 առաջատար բանախոսներ:
Մասնակիցների թվում էին, մասնավորապես, աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը և Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը, Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը: Մասնագիտական համայնքը վերլուծեց ոլորտի արագ զարգացման ընձեռած հնարավորությունները, անդրադարձավ հեռանկարներին:
AI Conf Armenia 2026-ը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) համագործակցությամբ։ Համաժողովի նպատակն է խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ։
Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց.
«Այս համաժողովը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ նվիրված է մեր ժամանակների ամենաարագ փոփոխվող և ամենամեծ ազդեցություն ունեցող ոլորտներից մեկին, այլ նաև նրա համար, որ մեկ տեղում համախմբել է բոլոր նրանց, ովքեր այսօր մտածում են Հայաստանի վաղվա մասին՝ գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտների ներկայացուցիչներին: ԵՊՀ-ի համար սա պարզապես միջոցառում չէ, սա օրակարգ է, որտեղ մենք ունենք մեր հստակ տեղը, դերը և պատասխանատվությունը։ Համալսարանն է պատրաստում մասնագետներ, փորձարկում գաղափարներ և ստեղծում նորարական մոտեցումներ, որոնք կիրառվում են հասարակության խնդիրների լուծման համար։ Հայաստանում արհեստական բանականության թռիչքային աճը ձևակերպում է երկրի համար այդ ոլորտի որակյալ մասնագետներ պատրաստելու հրամայականը: Արդեն ակնհայտ է, որ արհեստական բանականությունը վաղվա թեմա չէ, այն այսօրվա իրականությունն է, որը փոխում է գիտությունը, կրթությունը, տնտեսությունը, պետական կառավարումը, աշխատանքի բնույթը, նույնիսկ մտածելու ձևը, և ամենաուղղակի ազդեցություն է ունենում նաև կրթության վրա։ Եվ հենց այս փուլում, երբ մեկնարկային հնարավորությունները դեռևս համեմատաբար հավասար են, Հայաստանն իրական հնարավորություն ունի դառնալու ոչ թե հետևորդ, այլ ակտիվ դերակատար»:
Նա տեղեկացրեց, որ վերջին տարվա ընթացքում ԵՊՀ-ում կառավարության ֆինանսավորմամբ տեղադրվել է գերհամակարգիչ՝ համալրված 64 NVIDIA H100 հաշվողական քարտերով:
«Սա պարզապես տեխնիկական ռեսուրս չէ, սա հնարավորություն է թվային նոր հետազոտությունների, նոր կրթական միջավայրի, նոր համագործակցությունների և նոր արդյունքների համար: Պետք է նշել, որ նախկինում արդեն ունեինք H100 համակարգիչներ՝ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ: Եվ այս ամբողջ հաշվողական ռեսուրսն ամբողջացավ: Երբ պետությունը նման ներդրում է կատարում, նշանակում է, որ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները դիտարկվում են որպես ազգային առաջնահերթություն: Մեր պարտականությունն է վերածել այս ենթակառուցվածքը իրական արդյունքների՝ մեր ուսանողներին սովորեցնել աշխատել մեծ տվյալների և մոդելավորման հետ, մեր ստեղծագործական խմբերին ապահովել միջազգային առաջատար կենտրոններին բնորոշ հաշվողական հնարավորություններով, համագործակցել մասնավոր հատվածի հետ, լուծել կիրառական խնդիրները, ծառայել պետական համակարգին՝ որոշումների ընդունման համար: Այսինքն, մի ամբողջ էկոհամակարգ: ԵՊՀ-ն պատրաստ է շարունակել իր դերը որպես հարթակ, գործընկեր և պատասխանատու ինստիտուտ»,- վստահեցրեց երկրի գլխավոր բուհի ռեկտորը։
Նա հուսով է, որ համաժողովից հետո մասնակիցները կունենան ոչ միայն նոր գիտելիքներ, այլև նոր կապեր և համագործակցության նոր հեռանկարներ։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ հորդորեց միշտ հայացքն ուղղել ապագային. «Պետք է միշտ նայել դեպի ապագա։ Հայաստանում ռեսուրսները սահմանափակ են, և ամենաթանկ ռեսուրսը՝ մարդկային ռեսուրսը խիստ սահմանափակ է: Մենք պետք է լավագույնս օգտագործենք այդ ռեսուրսը՝ մարդկանց նորարարական կարողությունները և այս առումով արհեստական բանականությունը գալիս է մեզ օգնելու։ Աշխարհում հիմա հավանաբար առաջատար տասնյակում ենք՝ մեր բնակչության համեմատ սուպերհամակարգչային կենտրոնների չափով: Աշխարհում ինչքան թրենդ և նոր տեխնոլոգիա կա, մենք պետք է տիրապետենք, որովհետև ինչ-որ պահի առնչվելու մեր մասնագիտությանը: Սա փոխելու է բոլորի աշխատանքը: Ես առաջարկում եմ, որ իսկապես առաջատար դիրքերում լինենք»:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն էլ կարևորեց ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև ապրիլի 17-ին ստորագրած՝ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիրը, որի համաձայն՝ պետությունը ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ համապատասխան ռեսուրսներ։
«Մի քանի տարվա աշխատանքի արդյունքում հասանք մի հանգրվանի, երբ ստորագրեցինք պայմանագիր, որն իրականում խոսում է տեխնոլոգիական աճի մասին, հնարավորությունների և, ընդհանրապես, Հայաստանի էկոհամակարգի զարգացման համար: 25 մլն դոլարի պայմանագիր է կնքվել 5 տարվա կտրվածքով. պետությունը Firebird-ից գնելու է ռեսուրսներ, որոնք տալու է երիտասարդներին, ուսանողներին, գիտահետազոտական թիմերին, ստարտափերին: Կարծում ենք, որ ֆրագմենտալ տեղական լուծումներով չենք կարող թռիչքաձև աճ ապահովել: Պետք է մտածենք երկարաժամկետ հիմնարար լուծումների մասին՝ ստեղծել էկոհամակարգ, ենթակառուցվածք, ուժեղ կրթական համակարգ»,- ասաց նա:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը դահլիճից ցատկով բարձրանալով բեմ՝ ընդգծեց, որ պետք է նման ցատկերով առաջ գնանք:
«Իրականում ինձ համար շատ մեծ պատիվ է այս բեմին կանգնելն ու այս «պոլը ճռճռացնելը», այն բեմի վրա, որը «ճռճռացել» է այնպիսի մարդկանց ոտքերի տակ, ինչպիսիք են Վիկտոր Համբարձումյանը ու էլի մեծ մարդիկ, ովքեր տեխնոլոգիաների ու գիտության միջոցով աշխարհաքաղաքական հարցեր են լուծել: Շնորհակալություն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին նպաստող բոլոր պատասխանատուներին»,- նշեց նա:
ԵՊՀ գիտական գծով պռոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն էլ պատմեց «մայր» բուհի արհեստական բանականության ենթակառուցվածքների մասին: