Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են տասնյակից ավելի անձինք
2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդագրություն և փաստը ներկայացնող ձայնագրություն է տարածել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի խումբ ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:
Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով»։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: