Մշակույթ

Վիրտուոզ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ շքեղ համերգով Սիմֆոնիկ նվագախումբը տոնեց 20-ամյա հոբելյանը

3 րոպեի ընթերցում

Վիրտուոզ դաշնակահար Լանգ Լանգի մասնակցությամբ շքեղ համերգով Սիմֆոնիկ նվագախումբը տոնեց 20-ամյա հոբելյանը

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը, որն առաջին անգամ էր Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ կազմակերպված երևանյան համերգին վիրտուոզ կատարումներով մեծ հուզմունք պատճառեց երաժշտասերներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Դաշնակահարը Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Ռախմանինովի դաշնամուրային երկրորդ կոնցերտը։ Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարություններով ընդունեց և դժվարությամբ բեմից բաց թողեց երաժշտին, բայց նա վերադարձավ և մեծ բավականություն պատճառեց ունկնդրին՝ նվագելով Արամ Խաչատրյանի «Անդանտինո»-ն:

Ավելի վաղ Լանգ Լանգը խոստովանել էր, որ  շատ երջանիկ է առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: «Միշտ հիացել եմ այս երկրի հարուստ երաժշտական ժառանգությամբ, և ինձ համար մեծ նշանակություն ունի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը հայ հանդիսատեսին ներկայացնելը. այս երաժշտությունն այնքան մեծ զգացմունքայնություն ու հոգի ունի։ Զգում եմ, որ սա հենց այն ստեղծագործությունն է, որը պետք է հնչեր առաջին այցելության ժամանակ»,- ընդգծել էր նա։

Դաշնակահարը մշտապես համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ. նա հանդես է եկել համաշխարհային նշանակության միջոցառումների շրջանակում, այդ թվում՝ այս տարի տեղի ունեցած ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

2009 թվականին Time ամսագիրը Լանգ Լանգին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որն ուղղված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։

Երևանյան համերգի երկրորդ հատվածում հանդիսատեսին անակնկալ էր սպասվում: Նվագախումբը մի շարք ստեղծագործություններ կատարեց «Սիմֆոնիկ Մանսուրյան», «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոնիկ Ջեքսոն», «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա», «Սիմֆոնիկ ֆոլկ» նախագծերից:

Համերգային երեկոն տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում