Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանքի միջնորդություն կներկայացվի դատարան
2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- նշել են կոմիտեից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո, երբ գործում է բարեգործության իրականացման օրենսդրական արգելքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը՝ այլ անձի օժանդակությամբ, 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում տարբեր քաղաքացիների նկատմամբ իրականացրել է աջակցություն։
Մասնավորապես՝ մեկ դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, իսկ մեկ այլ դեպքում արտոնյալ պայմաններով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։
Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ ընտրական գործընթացների ընթացքում բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելուց, իսկ քաղաքացիներին կոչ է անում չներգրավվել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել։