ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին մասնակցող ուժերի համար նախատեսված թվային գործիքակազմը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ապրիլի 14-ին հանդիպում է կազմակերպել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած կամ նման մտադրություն ունեցող կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում է ԿԸՀ-ն, մասնակիցներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և հայտնել, որ նման նախաձեռնության նպատակը ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններին/դաշինքներին ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը ներկայացնելն է։
Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները, դաշինքները մինչ ապրիլի 23-ը պետք է էլեկտրոնային եղանակով դիմեն հանձնաժողովին, որպեսզի ստանան օգտահաշիվ։
Այն հնարավորություն է ընձեռում քաղաքական ուժին իր անհատական օգտահաշվում ներբեռնել ընտրողների ցուցակները, նախընտրական ծրագիրը, կուսակցության և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը և այլ տեղեկատվություն։
ԿԸՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել է օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները։
ԿԸՀ Վերահսկիչ վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը իրազեկել է հրավիրյալներին, որ կուսակցության/դաշինքի, ինչպես նաև թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու պարագայում, օրենսդրական փոփոխությունների հետևանքով, սահմանվել է վարչական պատասխանատվություն։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ն մտադիր է ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի վստահված անձանց դասընթացավարների համար դասընթաց իրականացնել։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, ով պատասխանել է ներկաների՝ օրենսդրությանն առնչվող հարցերին։