Եվրոպա

ԱՄՆ-ն Լիբիայում զորավարժություններ կանցկացնի 30 երկրի մասնակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Լիբիայում զորավարժություններ կանցկացնի 30 երկրի մասնակցությամբ

Միացյալ Նահանգները և Իտալիան այս շաբաթ կսկսեն «Flintlock 2026» զորավարժությունները, որոնց կմասնակցի ավելի քան 30 երկիր՝ ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկայի հրամանատարության ղեկավարությամբ։ Առաջին անգամ այդ զորավարժությունները տեղի կունենան Լիբիայի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը։

«ԱՄՆ-ի, Լիբիայի և Իտալիայի ղեկավարությունները հաստատում են «Flintlock 2026» զորավարժությունների մեկնարկը Լիբիայում։ Դրանք պաշտոնապես կսկսվեն այս շաբաթ Սիրտում կայանալիք բացման արարողությամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Զորավարժություններին մեծամասամբ կմասնակցեն Աֆրիկայի մայրցամաքի երկրները։ Համատեղ միջոցառումների անցկացման համար երկրորդ երկիրը կլինի Կոտ դ’Իվուարը։ «Զորավարժությունների ընթացքում կմշակվեն օդային, ցամաքային և ծովային գործողությունների համալիր սցենարներ, որոնք կոչված են բարձրացնելու մասնակից բոլոր երկրների մարտական ​​պատրաստվածությունը», - նշված է հայտարարության մեջ։

Նշված է նաև, որ «Flintlock» զորավարժություններն աջակցում են Լիբիայի միասնական բանակի շարունակական զարգացմանը, որը հիմնարար նշանակություն ունի Հյուսիսային Աֆրիկայի երկարաժամկետ անվտանգության և բարգավաճման համար:

«Այս ջանքերն ընդգծում են հանձնառությունը աֆրիկյան ազգերի անվտանգությանը և ինքնիշխանությանը՝ իրենց սեփական ժողովուրդների գլխավորությամբ», - նշված է հայտարարության մեջ:

2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան դադարել է գործել որպես միասնական պետություն։ Վերջին մի քանի տարվա ընթացքում առկա է  դիմակայություն երկրի արևմուտքում Տրիպոլիի իշխանությունների և արևելքում գտնվող իշխանությունների միջև, որոնց աջակցում էր Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ):

2021 թվականին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբիայի քաղաքական երկխոսության համաժողովն ընտրել է անցումային գործադիր իշխանություն՝ մինչև ընդհանուր ընտրությունները, որոնք մինչև օրս չեն անցկացվել։ Այժմ Լիբիայում գործում են երկու միմյանց չճանաչող կառավարություններ: Առաջինը, որին  աջակցում է ՄԱԿ-ը  և որը գլխավորում է Աբդել Համիդ Դբեյբան, գտնվում է Տրիպոլիում։ Երկրորդը՝ Ուսամա Համադի գլխավորությամբ, սկզբում գտնվում էր Բենգազիում, իսկ այնուհետև տեղափոխվել է Սիրտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում