Հայաստան

Էրեբունու ոստիկանները ձերբակալել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած երեք տղամարդու

2 րոպեի ընթերցում

Էրեբունու ոստիկանները ձերբակալել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած երեք տղամարդու

Էրեբունու համայնքային ոստիկանները խուլիգանություն կատարելու համար ձերբակալել են երեք տղամարդու, որոնք հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածել էին 74 համարի ավտոբուսի վարորդին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Ապա նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։

Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին, նետել վարորդի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում