Հայաստան

Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարությունը ավարտական փուլում է

2 րոպեի ընթերցում

Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարությունը ավարտական փուլում է

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անձամբ է տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին։

Նախարարը շրջել է համալիրի տարածքում՝ դիտարկելով շենքի ներքին և արտաքին լուծումները։ Շինարարները ներկայացրել են աշխատանքային և օժանդակ սենյակների կառուցման տեխնիկական առանձնահատկությունները։

Արփինե Սարգսյանը կարևորել է շենքի ֆունկցիոնալ հարմարությունները, ծառայողների համար ստեղծվող պայմանները և աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները։

Նշվում է, որ շուտով Սևանի ջրափրկարարական ջոկատը կտեղափոխվի նոր վարչական համալիր, ինչը հնարավորություն կտա բարձրացնել արձագանքման արագությունն ու փրկարարական աշխատանքների որակը՝ նպաստելով հանրային անվտանգության ամրապնդմանը։

Նույն օրը ՆԳ նախարարն այցելել է նաև Ջրային պարեկային ծառայություն՝ դիտարկելու մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույցի տեխնիկական հնարավորությունները։ Նավամատույցն ապահովում է մոտորանավակների անվտանգ մոտեցումն ու կանգառը ափին։ Նախարարին ներկայացվել են տեղադրման և ամրացման տեխնիկական լուծումները։

Արփինե Սարգսյանը շինարարական աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետում շահագործման հանձնելու ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում