Մշակույթ

«Հայ Տուն» կենտրոնը հյուրընկալեց Բելգիայում հայ համայնքի ավելի քան մեկդարյա պատմությանը նվիրված ցուցահանդես

4 րոպեի ընթերցում

«Հայ Տուն» կենտրոնը հյուրընկալեց Բելգիայում հայ համայնքի ավելի քան մեկդարյա պատմությանը նվիրված ցուցահանդես

Բելգիայի հայերի կոմիտեի նախաձեռնությամբ Բրյուսելի Հայկական մշակութային «Հայ Տուն» կենտրոնում ներկայացվեց բացառիկ ցուցահանդես՝ նվիրված տեղի հայ համայնքի անցած ուղուն:

Ինչպես հայտնում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, ցուցահանեսի բացմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, դիվանագետներ, Սուրբ Մարիամ Մագդաղինե եկեղեցու հոգևոր հովիվ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, հայ համայնքի բարեկամ բելգիացի քաղաքական ու հասարակական գործիչներ, այլ համայնքների ներկայացուցիչներ:  

Հարուստ պատկերազարդ վահանակների, արխիվային լուսանկարների և պատմական փաստաթղթերի միջոցով ցուցահանդեսը ներկայացնում է Բելգիայում հայկական ներկայության հիմնական փուլերը, լուսաբանում է այդ ներկայության հին ակունքները, համայնքի աստիճանական կազմավորումը, ինչպես նաև Բելգիայի հայերի Կոմիտեի հիմնարար դերը Բելգիայում հայերի ընդունման, ինտեգրման  գործում։

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Ունուսյանն իր խոսքում նշեց, որ երկար ամիսների աշխատանքի արդյունքում հանրությանը ներկայացված ցուցահանդեսը խորհրդանշական ու իմաստալից է: «Համայնքը պարզապես անհատների մասին չէ, հայերի հարյուրամյա ներկայությունը Բելգիայում ինստիտուցիոնալ է, ու դա շատ կարևոր է»:

Ցուցահանդեսն անդրադառնում է համայնքի ձևավորմանը, փախստականներին աջակցելու նպատակով համերաշխության ձևավորման մեթոդներին, ինչպես նաև փոխօգնության, մշակույթի և փոխանցման վրա հիմնված իրական համայնքային կյանքի կառուցմանը։

Մի շարք վահանակներ ընդգծում են հայկական ժառանգության պահպանման կարևորությունը՝ լինի այն պատմական, գեղարվեստական թե լեզվական։ Ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչպես է համայնքը տասնամյակների ընթացքում կարողացել կենդանի պահել իր արմատների հետ կապը՝ միաժամանակ ամուր տեղ գրավելով բելգիական հասարակության մեջ։ Այս մասին իր ելույթում վկայեց նաև դեսպան Բալայանը:

«Մինչև այսօր Բելգիայի ցանկացած քաղաքապետի, պաշտոնյայի հետ իմ հանդիպումները մեկնարկում են նրանց երախտիքի խոսքով, որ հայ համայնքն այդքան ինտեգրված է», - իր խոսքում նշեց Տիգրան Բալայանը:

Ցուցահանդեսի մեկ այլ ուշագրավ կողմը վերաբերում է 20-րդ դարի ընթացքում Հայաստանի հետ պահպանված կապերին՝ բացահայտելով սփյուռքի և հայրենիքի միջև մշտական հարաբերությունները՝ չնայած քաղաքական և պատմական ցնցումներին։

Իր փաստագրական նշանակությունից անդին, այս ցուցահանդեսը իրական հարգանքի տուրք է Բելգիայի հայերի հավաքական հիշողությանը։ Այն հիշեցնում է Կոմիտեի կենտրոնական դերը հայկական ինքնության պահպանման, ինչպես նաև այդ ժառանգությունը նոր սերունդներին փոխանցելու գործում։

Ցուցահանդեսը հանրությանը ներկայացնում է ավելի քան մեկ դար տևած համայնքային նվիրումի պատմական, մարդկային և մշակութային ամբողջ պատկերը։ Այս համատեքստում Զատիկ Վարդապետ Ավետիքյանը իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսը կամուրջ է հայ համայնքի և Բելգիայի հասարակության միջև, ինչպես նաև հույս հայտնեց, որ այն հասանելի կլինի ավելի լայն շրջանակների համար:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում