Իրավունք

«Համակարգի ուժը՝ վստահության մեջ»․ ՆԳ նախարարը ներկայացրել է համակարգի առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

«Համակարգի ուժը՝ վստահության մեջ»․ ՆԳ նախարարը ներկայացրել է համակարգի առաջնահերթությունները

ՀՀ ներքին գործերի նախարարությունում անցկացվեց «Համակարգի ուժը՝ վստահության մեջ» խորագրով տարեկան համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են համակարգի գործունեության արդյունքներն ու առաջիկա ուղղությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացման ելույթում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորեց հաշվետվողականության և հանրային վստահության ամրապնդումը՝ ընդգծելով, որ համակարգի արդյունավետությունը անմիջականորեն կապված է այդ գործոնների հետ։

«Մեզ համար շատ կարևոր է, որ գնալով ավելի ամրապնդվի Ներքին գործերի նախարարության համակարգի նկատմամբ հանրային վստահությունը, և համակարգի ուժը իրականում, այո, վստահության մեջ է»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ նման համաժողովները հնարավորություն են տալիս ամփոփել կատարված աշխատանքը, գնահատել արդեն իրականացված քայլերի ազդեցությունը և ձևակերպել լուծում պահանջող խնդիրները։

«Մենք մի պահ պիտի կանգ առնենք, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք գտնվում, ինչպիսի քայլեր ենք արդեն իսկ ձեռնարկել, և դեռևս ինչպիսի խնդիրներ կան, որոնք պետք է հետևողականորեն լուծենք»,-ասաց Սարգսյանը։

Նախարարը նաև անդրադարձավ ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ հատկապես 2018 թվականից սկսած քննարկումների որակը և բովանդակությունը զգալիորեն փոխվել են։

Համաժողովի շրջանակում ներկայացվել են նաև ՆԳՆ համակարգի 2025 թվականի գործունեության արդյունքները, այդ թվում՝ ոստիկանության, փրկարար ծառայության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում իրականացված աշխատանքներն ու բարեփոխումները։

Միջոցառման ընթացքում անցկացվել են պանելային քննարկումներ՝ նվիրված հանրային անվտանգության ամրապնդմանը, կանանց առաջնորդությանը, համայնքային մասնակցությանը, ինչպես նաև կրթության և մասնագիտական զարգացման դերին անվտանգության համակարգում։

Համաժողովին մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում