Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում առողջապահական ծրագիր է իրականացվել
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել «Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» կրթական ՀԿ-ի կրթաթոշակառու Լալա Ավետիսյանի համայնքային ծրագրի շնորհանդեսը և բժշկական գույքի հանձնման արարողությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Նանոր Պալապանեանը և իր աշխատակազմը:
«Թաքնված Ճանապարհ Նախաձեռնություն» ՀԿ-ի ֆինանսավորմամբ Ախպրաձոր և Մաքենիս բնակավայրերին տրամադրվել է դեղորայքի և բժշկական սարքավորումների զգալի խմբաքանակ: Բժշկական գույքը հանձնվել է Ախպրաձորի բուժքույր Հայկանուշ Մանուկյանին՝ տեղում բնակիչների սպասարկումն ապահովելու նպատակով։
Ախպրաձորի երիտասարդական կենտրոնում կայացած միջոցառման շրջանակներում անցկացվել է «Առաջին բուժօգնություն» թեմայով բաց դաս, որի նպատակն էր երիտասարդներին և բնակիչներին փոխանցել կենսական կարևորության հմտություններ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու համար։
Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը բարձր է գնահատել ձևավորված և արդյունավետ գործընկերությունը։ Կողմերը քննարկել են Ախպրաձորում նոր և ժամանակակից Երիտասարդական կենտրոն կառուցելու հեռանկարային ծրագիրը, որը կդառնա համայնքային կյանքի զարգացման նոր խթան։