ՆԳ նախարարի տեղակալը հյուրընկալել է սոցիալ-վերականգնողական կենտրոնի բնակիչներին
1 րոպեի ընթերցում

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի հրավերով «Առաքելություն Հայաստան» հասարակական-բարեգործական կազմակերպության սոցիալ-վերականգնողական կենտրոնի բնակիչները հատուկ հյուրեր էին Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչությունում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպումն անցել է ջերմ, բովանդակալից ու վստահության մթնոլորտում։ Հյուրերը ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնց վերաբերյալ ստացել են անհրաժեշտ պարզաբանումներ ու խորհրդատվություն հոգեբաններից, բժիշկներից ու ոլորտի մյուս մասնագետներից։
«Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ուշադրության, ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար՝ հյուրերը կարևորեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը»,-նշում են Փրկարար ծառայությունից։
Հաղորդվում է, որ հանդիպման ավարտին մասնակիցներին են տրամադրվել տեղեկատվական նյութեր, որոնք նպաստելու են նրանց իրազեկվածության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը։