Ռազմական

Վերջին 4 տարում զորակոչվածների թիվն աճել է շուրջ 25 տոկոսով․ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Վերջին 4 տարում զորակոչվածների թիվն աճել է շուրջ 25 տոկոսով․ փոխնախարար

2023-2026 թվականներին զորակոչվածների թիվը 2022 թվականի ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 25 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։

Փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխությունները նպաստել են զորակոչի ցուցանիշների աճին։

«2023-ից 2026 ընկած ժամանակահատվածում մեր զորակոչվածների թիվը 2022 զորակոչի համեմատ աճել է շուրջ 25 տոկոսով։ Այսինքն՝ եթե շարունակենք նույն տեմպով և բարելավենք իրավակարգավորումները, ապա պատգամավորի կողմից ներկայացվող մտահոգիչ պատկերը չենք ունենա»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարը քննադատեց նախագծում ներառված որոշ դրույթներ, մասնավորապես, վճարի դիմաց ծառայությունից ազատման մեխանիզմը։

«Եթե պայմանական 3000 մարդ օգտվի գումարի դիմաց ծառայությունից ազատվելու հնարավորությունից, դա չի նշանակում, որ նույնքանով կավելանա զորակոչը։ Դա կարող է ապահովել բյուջետային մուտքեր, սակայն չի լուծում զորակոչի թվի ավելացման խնդիրը»,- նշեց նա։

Արման Սարգսյանը հավելեց, որ վերջին շրջանում արձանագրվել են նաև դրական միտումներ պայմանագրային ծառայության ոլորտում։

««Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայության անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը վկայում է դրական շարժընթացի մասին և միտված է պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը»,- ասաց փոխնախարարը։

Ներկայացնելով կառավարության դիրքորոշումը՝ նա կոչ արեց հանձնաժողովին ձեռնպահ մնալ նախագծին դրական եզրակացություն տալուց։

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին տվել է բացասական եզրակացություն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում