Վաղարշապատի ավագանու ընտրության ժամանակ կաշառք բաժանելու դեպքերի համար քրեական հետապնդում է հարուցվել 62 անձի նկատմամբ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։
«Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Արդյունքում՝ հինգ տասնյակից ավելի անձանց խոստացել են 50․000–ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:
Հանցանքն ավարտին հասցնելու և այդ նպատակով գործընթացն ամբողջապես վերահսկելու համար խմբի անդամները կատարել են դերերի հստակ բաշխում, կազմել են հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են գտնվել հավաքագրված քաղաքացիների հետ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։
Քրեական վարույթով ձերբակալվել և հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։ Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: