ԱՄՆ-ն ևս 10 միլիոն բարել նավթ բաց կթողնի ռազմավարական պահուստներից
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը նախաձեռնել է շտապ կարգով մինչև 10 միլիոն բարել նավթի դուրս հանում նավթի ռազմավարական պահուստից Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) պլանների շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը:
Ակնկալվում է այդ նավթը տրամադրել պարտքով և այն մինչև 2027 թվականը հետ ստանալ լրացուցիչ բարելների տեսքով:
Ընկերություններից հայտերի հավաքումը կտևի կենտրոնամերիկյան ժամանակով մինչև ապրիլի 6-ի ժամը 11:00-ն:
«Այս փոխանակումը թույլ է տալիս նավթավերամշակողներին և շուկային անմիջապես ստանալ նավթը և դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի ժողովրդի համար ապահովում է լրացուցիչ բարելներ՝ առանց հարկատուների միջոցների օգտագործման», - նշում է Էներգետիկայի նախարարությունը:
Նավթը կմատակարարվի Տեխասի Bryan Mound պահեստարանից:
Ավելի վաղ ԷՄԳ-ի մասնակից երկրները պայմանավորվել էին ռազմավարական պահուստներից 400 միլիոն բարել նավթ բաց թողնել Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին շուկան կայունացնելու համար: ԱՄՆ-ն պարտավորվել է հատկացնել 172 միլիոն բարել և արդեն 45,2 միլիոն բարել նավթ է բաց թողել Լուիզիանայի Bayou Choctaw, West Hackberry և Տեխասի Bryan Mound պահեստարաններից։