Ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ կրթության որակի բարձրացման առանցքում

5 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի  հանրակրթության  վարչությունը կրթության որակի  ապահովումը դիտարկում է որպես շարունակական գործընթաց՝ առանցքում դնելով ուսուցիչների մասնագիտական աճը:

Նոր չափորոշչի ներդրմամբ կիրառվում են կարիքահեն վերապատրաստման, կամավոր ատեստավորման և խրախուսման արդյունավետ մեխանիզմներ: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության  պետի տեղակալ Ելենա Հարությունյանը՝ ընդգծելով, որ  վերջին տարիներին հանրակրթության  նոր չափորոշչի ներդրմամբ  էականորեն փոխվել է գործընթացը: Այն այժմ հիմնված է կարիքների գնահատման վրա. ուսուցիչն ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման ուղղությունները, իսկ դպրոցի տնօրինությունը՝ որպես գործատու, ներկայացնում է իր դիտարկումները: Այս երկու արդյունքների  համադրությամբ ձևավորվում են  վերապատրաստման  հիմնական ուղղությունները, որոնք հետագայում հանգեցնում են ուսուցչի ատեստավորմանը:

Նրա խոսքով՝ ուսուցիչների զգալի մասը հաջողությամբ մասնակցում է այս գործընթացին՝ ստանալով ինչպես մասնագիտական հաստատում, այնպես էլ ֆինանսական խթաններ՝ աշխատավարձի բարձրացման տեսքով:

Մասնագիտական աճը խթանող  մյուս գործիքը տարակարգի համակարգն է: Այն ոչ միայն  խրախուսում է զարգացումը, այլև ապահովում է հավելյալ վարձատրություն:

Վարչության կողմից  մշակվել է նաև դպրոցների  գործունեության մշտադիտարկման գործիք, որը գնահատում է մի շարք ուղղություններ՝ ուսումնական որակ, կառավարման արդյունավետություն, ենթակառուցվածքներ, թվային միջավայր և հատկապես  ուսուցիչների մասնագիտական զարգացում: Այս գործընթացում կարևոր տեղ է հատկացվում նաև աշակերտների կարծիքին. անանուն հարցումների միջոցով նրանք հնարավորություն են ստանում գնահատելու  ուսուցիչների  աշխատանքը, ինչը նպաստում է առավել օբյեկտիվ  պատկեր ձևավորելուն: Միաժամանակ իրականացվում են  դասալսումներ, որոնց ընթացքում  մասնագետները ոչ միայն գնահատում, այլև խորհրդատվությամբ  աջակցում են  ուսուցիչներին՝  օգնելով նրանց հարմարվել նոր պահանջներին:

Քաղաքապետարանի կողմից իրականացվում են նաև ուսուցիչների խրախուսման տարբեր ծրագրեր: Մասնավորապես, ուսուցչի տոնի առթիվ տրամադրվում են խրախուսական նվերներ,  որոնց շնորհման մեխանիզմները տարբեր են: Կան դեպքեր, երբ պարգևատրվող  ուսուցիչներն ընտրվում են հենց աշակերտների կողմից, ինչն ընդգծում է նրանց հեղինակությունն ու ազդեցությունը սովորողների շրջանում: Այլ դեպքերում ընտրությունը վստահվում է  դպրոցի տնօրինությանը, որը,  գնահատելով մասնագիտական գործունեությունը, առանձնացնում է  լավագույններին: Լինում են նաև իրավիճակներ, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչները  դպրոցներ կատարած այցերի արդյունքում սեփական դիտարկումների հիման վրա  են առաջադրում ուսուցիչների պարգևատրումը: Այս բազմազան մոտեցումները  հնարավորություն են տալիս  տարբեր տեսանկյուններից գնահատել և արժևորել  ուսուցչի աշխատանքը՝ խրախուսելով նրանց շարունակական մասնագիտական աճը:

«Նոր չափորոշչի ներդրման և վերապատրաստման գործընթացների համակցությամբ ստեղծվում են պայմաններ, որպեսզի ուսուցիչները հասկանան նոր պահանջները, կիրառեն նորարարական մեթոդներ և արդյունավետ ներգրավեն աշակերտներին: Միաժամանակ կարևոր է նկատել սերունդների միջև  ձևավորվող տարբերությունները. ժամանակակից աշակերտները մեծապես ներգրավված են  թվային աշխարհում, և ուսուցիչների համար կարևոր է հասկանալ նրանց հետաքրքրությունները, խոսել նույն լեզվով և համապատասխանեցնել դասավանդման մեթոդները»,-նշեց Հարությունյանը:

Կրթության ոլորտում փոփոխությունները լայնածավալ են և պահանջում են ժամանակ: Նոր չափորոշիչների, ծրագրերի և մեթոդների ներդրումը չի կարող միանգամից ապահովել ամբողջական արդյունք, սակայն արդեն նկատվում է, որ ուսուցիչների մեծ մասն ընդունել է փոփոխությունները և աստիճանաբար կիրառում է  դրանք կրթական գործընթացում:

Առաջիկայում նախատեսվում է հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրում, ինչը կարևոր քայլ  կլինի  կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Սակայն գործընթացի  հաջողությունը կախված է  ոչ միայն ուսուցչից, այլև ուսուցիչ- ծնող-աշակերտ համագործակցությունից:

«Կրթությունը համատեղ պատասխանատվություն է, և միայն բոլոր կողմերի ջանքերի միավորմամբ է հնարավոր հասնել իրական արդյունքի: Այս գիտակցումն է, որ պետք է դառնա  կրթական համակարգի  զարգացման հիմքը, քանի որ  կրթության որակից  է կախված երկրի ապագան»,- եզրափակեց Ելենա Հարությունյանը:

Լուսինե Ջալալյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն