Ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ կրթության որակի բարձրացման առանցքում
5 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը կրթության որակի ապահովումը դիտարկում է որպես շարունակական գործընթաց՝ առանցքում դնելով ուսուցիչների մասնագիտական աճը:
Նոր չափորոշչի ներդրմամբ կիրառվում են կարիքահեն վերապատրաստման, կամավոր ատեստավորման և խրախուսման արդյունավետ մեխանիզմներ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ էականորեն փոխվել է գործընթացը: Այն այժմ հիմնված է կարիքների գնահատման վրա. ուսուցիչն ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման ուղղությունները, իսկ դպրոցի տնօրինությունը՝ որպես գործատու, ներկայացնում է իր դիտարկումները: Այս երկու արդյունքների համադրությամբ ձևավորվում են վերապատրաստման հիմնական ուղղությունները, որոնք հետագայում հանգեցնում են ուսուցչի ատեստավորմանը:

Նրա խոսքով՝ ուսուցիչների զգալի մասը հաջողությամբ մասնակցում է այս գործընթացին՝ ստանալով ինչպես մասնագիտական հաստատում, այնպես էլ ֆինանսական խթաններ՝ աշխատավարձի բարձրացման տեսքով:
Մասնագիտական աճը խթանող մյուս գործիքը տարակարգի համակարգն է: Այն ոչ միայն խրախուսում է զարգացումը, այլև ապահովում է հավելյալ վարձատրություն:

Վարչության կողմից մշակվել է նաև դպրոցների գործունեության մշտադիտարկման գործիք, որը գնահատում է մի շարք ուղղություններ՝ ուսումնական որակ, կառավարման արդյունավետություն, ենթակառուցվածքներ, թվային միջավայր և հատկապես ուսուցիչների մասնագիտական զարգացում: Այս գործընթացում կարևոր տեղ է հատկացվում նաև աշակերտների կարծիքին. անանուն հարցումների միջոցով նրանք հնարավորություն են ստանում գնահատելու ուսուցիչների աշխատանքը, ինչը նպաստում է առավել օբյեկտիվ պատկեր ձևավորելուն: Միաժամանակ իրականացվում են դասալսումներ, որոնց ընթացքում մասնագետները ոչ միայն գնահատում, այլև խորհրդատվությամբ աջակցում են ուսուցիչներին՝ օգնելով նրանց հարմարվել նոր պահանջներին:
Քաղաքապետարանի կողմից իրականացվում են նաև ուսուցիչների խրախուսման տարբեր ծրագրեր: Մասնավորապես, ուսուցչի տոնի առթիվ տրամադրվում են խրախուսական նվերներ, որոնց շնորհման մեխանիզմները տարբեր են: Կան դեպքեր, երբ պարգևատրվող ուսուցիչներն ընտրվում են հենց աշակերտների կողմից, ինչն ընդգծում է նրանց հեղինակությունն ու ազդեցությունը սովորողների շրջանում: Այլ դեպքերում ընտրությունը վստահվում է դպրոցի տնօրինությանը, որը, գնահատելով մասնագիտական գործունեությունը, առանձնացնում է լավագույններին: Լինում են նաև իրավիճակներ, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչները դպրոցներ կատարած այցերի արդյունքում սեփական դիտարկումների հիման վրա են առաջադրում ուսուցիչների պարգևատրումը: Այս բազմազան մոտեցումները հնարավորություն են տալիս տարբեր տեսանկյուններից գնահատել և արժևորել ուսուցչի աշխատանքը՝ խրախուսելով նրանց շարունակական մասնագիտական աճը:

«Նոր չափորոշչի ներդրման և վերապատրաստման գործընթացների համակցությամբ ստեղծվում են պայմաններ, որպեսզի ուսուցիչները հասկանան նոր պահանջները, կիրառեն նորարարական մեթոդներ և արդյունավետ ներգրավեն աշակերտներին: Միաժամանակ կարևոր է նկատել սերունդների միջև ձևավորվող տարբերությունները. ժամանակակից աշակերտները մեծապես ներգրավված են թվային աշխարհում, և ուսուցիչների համար կարևոր է հասկանալ նրանց հետաքրքրությունները, խոսել նույն լեզվով և համապատասխանեցնել դասավանդման մեթոդները»,-նշեց Հարությունյանը:
Կրթության ոլորտում փոփոխությունները լայնածավալ են և պահանջում են ժամանակ: Նոր չափորոշիչների, ծրագրերի և մեթոդների ներդրումը չի կարող միանգամից ապահովել ամբողջական արդյունք, սակայն արդեն նկատվում է, որ ուսուցիչների մեծ մասն ընդունել է փոփոխությունները և աստիճանաբար կիրառում է դրանք կրթական գործընթացում:

Առաջիկայում նախատեսվում է հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրում, ինչը կարևոր քայլ կլինի կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Սակայն գործընթացի հաջողությունը կախված է ոչ միայն ուսուցչից, այլև ուսուցիչ- ծնող-աշակերտ համագործակցությունից:
«Կրթությունը համատեղ պատասխանատվություն է, և միայն բոլոր կողմերի ջանքերի միավորմամբ է հնարավոր հասնել իրական արդյունքի: Այս գիտակցումն է, որ պետք է դառնա կրթական համակարգի զարգացման հիմքը, քանի որ կրթության որակից է կախված երկրի ապագան»,- եզրափակեց Ելենա Հարությունյանը:
Լուսինե Ջալալյան