Քաղաքականություն

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն անդրադարձել է Մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծման հեռանկարներին և Իրանի ռազմավարությանը

8 րոպեի ընթերցում

Հարցազրույց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ
Հարցազրույց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ

Մերձավորարևելյան հակամարտության պարագայում Իրանը ցուցաբերում է այնպիսի ռազմավարություն, որի հիմքում պետք է լինի նոր բանաձևի ընդունում. ըստ այդմ՝ Իրանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետագայում թույլ չտա իր նկատմամբ նմանօրինակ ագրեսիայի իրականացում։   

«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այդ տեսակետը հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով հակամարտության ներկա փուլին և այդ համատեքստում այն հարցին, թե ինչպես է Իրանը դիմակայում այս փորձությանը։  

Հարցազրույց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ

«Պատերազմական գործողություններն ավելի երկար տևեցին, քան մտածում էին ԱՄՆ-ն և Իսրայելը։ Նրանց պատկերացմամբ՝ Իրանը պետք է լիներ թույլ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում, ինչը հնարավորություն կտար մի քանի օրվա ընթացքում հաղթել այս պատերազմում, սակայն նման բան տեղի չունեցավ։ Ամերիկյան կողմը շատ սխալ պատկերացում ուներ Իրանի մասին։ Այս ընթացքում Դոնալդ Թրամփի հակասական, իրարամերժ հայտարարությունները նույնպես վկայում են այդ մասին։ Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն օգտագործել են իրենց ողջ ներուժը, ռմբակոծել են բազմաթիվ վայրեր, որոնք նույնիսկ ռազմավարական նշանակություն չունեն։ Արդյունքում տուժել են դպրոցները, համալսարանները, մարզադաշտերը, հիվանդանոցները, հանրային նշանակության այլ շինությունները»,- ասաց Շիրղոլամին։

Արդյունավետ ռազմավարության երեք գործոնները

Դեսպանի բնորոշմամբ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի մոտ այժմ խառնաշփոթ իրավիճակ է, քանզի չգիտեն, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը։  

«Ոմանք խորհուրդ են տալիս, որ պետք է Իրանի դեմ իրականացվեն ցամաքային գործողություններ, բայց շատ լավ գիտեն, թե դա ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Այս պահին Իրանի արդյունավետ ռազմավարության հիմքում կա երեք հիմնական ու կարևոր գործոն։ Առաջինը մեր ժողովրդի աջակցությունն է։ Մարդիկ դուրս են գալիս փողոցներ և այդ կերպ ցուցադրում կառավարությանն աջակցելու իրենց հավաքական պատրաստակամությունը, որպեսզի պաշտպանեն իրենց երկիրն ու դիմակայեն փորձությանը։ Այդ քայլով նրանք ամերիկյան կողմին ապացուցում են, որ միանշանակ սխալ է այն պատկերացումը, թե որոշ խմբեր կարող են դուրս գալ կառավարության դեմ ու հեղաշրջում իրականացնել Իրանում։ Արդեն մեկ ամիս է, ինչ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Իրանի ժողովուրդը բացահայտորեն աջակցում իր կառավարությանը։ Պատերազմի առաջին օրից մարդիկ անվախ ու անվարան դուրս են գալիս փողոց։ Ես նույնիսկ չէի պատկերացնում, որ նրանք կարող են այսքան հաստատակամ լինել իրենց երկիրը պաշտպանելու գործում»,- ասաց դիվանագետը։

Նրա խոսքով՝ երկրորդ գործոնը կապված է Իրանի սպառազինության՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ճիշտ ու նպատակային օգտագործման հետ։

«Իրանը շատ հստակ ու մշակված ռազմավարությամբ է օգտագործում իր սպառազինությունը և ցանկանում է երկարատև պատերազմի պայմաններում մաշեցնել հակառակորդի հակաօդային պաշտպանությունը։ Տարածաշրջանի տարբեր երկրներում տեղակայված կայանները, որոնք գրանցում էին իրանական հրթիռների շարժը, մեծ մասամբ խոցվել են մեր կողմից։ Իրանական կողմը պահպանել է իր կարողություններն ու հնարավորությունները և դեռ կարող է արդյունավետորեն հակազդել հակառակորդին՝ նրան հասցնելով զգայուն հարվածներ»,- վստահեցրեց Շիրղոլամին։

Հորմուզի նեղուցի ճակատագիրը

Երրորդ գործոնն, ըստ նրա, առնչվում է Հորմուզի նեղուցին։ Դեսպանի դիտարկմամբ՝ Իրանը փորձում է նեղուցը փակելու միջոցով ճնշում գործադրել Մերձավոր Արևելքի այն երկրների վրա, որոնք այս կամ այն չափով ներգրավված են Իրանի դեմ ուղղված պատերազմական գործողություններում։

«Այդ կերպ Իրանը ցանկանում է ճնշում գործադրել այդ երկրների տնտեսական ու էներգետիկ ոլորտների վրա, ինչն աշխարհաքաղաքական առումով մեծ հնարավորություն է ընձեռում մեզ, որպեսզի իրականացնենք ճիշտ մարտավարություն։ Թեև ԱՄՆ-ն պնդում է, որ կարող է բացել նեղուցը, սակայն մինչ օրս չի կարողացել իրականացնել այդ նպատակը։ Ամերիկյան կողմն արդեն փոխել է իր մոտեցումը և այլևս Հորմուզի նեղուցի բացումը չի դիտարկում իր առաջնահերթությունների մեջ՝ նշելով, որ պատերազմը կարող է ավարտվել նույնիսկ առանց նեղուցի բացման»,- նշեց մեր զրուցակիցը։

Դեսպանի համոզմամբ՝ եթե ԱՄՆ-ն որոշի ցամաքային գործողություններ իրականացնել Իրանի դեմ, ապա դա կարող է նույնիսկ վտանգել նախագահ Դոնալդ Թրամփի հետագա պաշտոնավարումը։

«Օրեր առաջ բոլորս ականատես եղանք, թե ինչպես ամերիկյան մի շարք քաղաքներում հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան իշխող վարչակարգի դեմ՝ իրենց ձեռքերում պահելով «Ո՛չ թագավորներին» կարգախոսը»,- նշեց Շիրղոլամին։

Հանգուցալուծման հեռանկարները

Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը ռազմական առումով չի կարող հաղթողներ ունենալ, բայց ռազմավարական տեսանկյունից վերլուծաբանների մեծ մասը հաղթող է ճանաչում հենց Իրանին, քանի որ մինչ այս պահը, ըստ դեսպան Խալիլ Շիրղոլամիի, ԱՄՆ-ի ու Իսրայելի գերնպատակներից որևէ մեկը չի իրականացել։  

«Պատերազմի ընթացքում ամեն ինչ հնարավոր է, իրավիճակը կարող է ավելի բարդանալ, եթե ԱՄՆ-ն որոշի հարվածներ հասցնել Իրանի կարևորագույն ենթակառուցվածքներին կամ ցամաքային գործողություններ իրականացնի Իրանի դեմ։ Այն մարդիկ, ովքեր ԱՄՆ-ում լավ գիտակցում են հետևանքների մասին, անընդհատ փորձում են նախագահ Թրամփին հետ պահել ծայրահեղ քայլերից։ Որքան շուտ նա դադարեցնի պատերազմը, այնքան լավ կլինի նաև իր համար։ Որոշ երկրներ ակտիվորեն աշխատում են, որպեսզի քաղաքական աջակցություն ցուցաբերեն հակամարտության հանգուցալուծման գործում։ Այս պահին ԱՄՆ-ի ու Իրանի միջև պատգամների փոխանակումն իրականացվում է Պակիստանի միջոցով»,- հայտնեց դիվանագետը։ 

Դեսպանը հիշեցրեց, որ իրանական կողմն ամերիկյան վարչակազմից ստացել էր 15 կետից բաղկացած նախագիծ, որը, Շիրղոլամիի բնորոշմամբ, ողջամիտ չէր և անընդունելի էր իրանական կողմի համար։  

«Այն, ինչին ԱՄՆ-ն չէր կարողացել հասնել ռազմական ճանապարհով, ցանկանում էր ստանալ այդ նախագծի միջոցով։ Իրանը մինչ օրս տեղի չի տվել ռազմի դաշտում, առավել ևս իր սկզբունքներից հետ չի կանգնի քաղաքական դաշտում։ Այդուհանդերձ, պաշտոնական Թեհրանը կարձագանքի այդ նախագծին։ Ի դեպ, Պակիստանը  համագործակցում է նաև այլ երկրների հետ, որպեսզի օգտագործվեն նաև նրանց միջնորդական հնարավորությունները, որպեսզի ի վերջո այս հակամարտությունը հանգուցալուծվի։ Հուսով ենք, որ կստեղծվեն այնպիսի խելամիտ պայմաններ, որոնց շնորհիվ կհաջողվի ավարտին հասցնել այս ամենը։ Գիտեք, ամերիկյան մի ասացվածք կա. «Եթե մեկ անգամ ինչ-որ մեկը խաբում է ինձ, ապա մեղավոր է նա, բայց եթե խաբում է երկրորդ անգամ, ապա մեղավոր եմ ես»։

Թրամփն արդեն երկու անգամ ռմբակոծել է բանակցությունների սեղանը։ Նրա հանդեպ մեր վստահությունը զրոյական է։ Չնայած այդ հանգամանքին՝ հույս ունենք, որ Պակիստանի և մի քանի այլ երկրների ջանքերը կտան ցանկալի արդյունք, եթե դրանց համադրվեն ամերիկյան կողմի խելամիտ քայլերը»,- նշեց Շիրղոլամին։  

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում