Ակունքում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 19 ծրագիր է իրականացվել
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 19 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 275 միլիոն 759 հազար դրամ։
Իրականացված ծրագրերից 16-ը սուբվենցիոն են՝ 689 միլիոն 504 հազար դրամ ընդհանուր արժեքով, և 3-ը՝ պետական՝ 586 միլիոն 255 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանից, իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականներին Ակունքում կառուցվել է 2808 մետր խմելու, 4968 մետր ոռոգման ջրատար ցանցեր, 2015 գծամետր գազատար, 44-օրյա պատերազմում զոհված ակունքցիներին նվիրված հուշահամալիր, 451 մետր կոյուղագիծ, 1220 մետր լուսավորության ցանց, բարեկարգվել մշակույթի տան կողքի պուրակը, հիմնանորոգվել 2167 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, մշակույթի տան մի հատված, արարողությունների սրահ, վերանորոգվել դպրոցի շենքը, կապիտալ նորոգման ենթարկվել մարզադահլիճը և նիստերի դահլիճը։
Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և դահլիճի կապիտալ նորոգման աշխատանքները սկսվել և ավարտվել են 2022-2024 թվականների ընթացքում՝ պետական ծրագրի շրջանակներում, 220 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։ Ծրագրի իրականացման արդյունքում արդիականացվել են Ակունքի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը և նիստերի դահլիճը։
Պետական մեկ այլ ծրագրով՝ 361 միլիոն 255 հազար դրամ պայմանագրային արժեքով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, վերանորոգվում է Ակունքի միջնակարգ դպրոցի շենքը։ Շինարարական աշխատանքները կավարտվեն ապրիլին։