Մշակույթ

Գարի Քյոսայանն ու ամերիկյան ջազի վարպետները Երևանում երաժշտական հրավառություն են խոստանում

2 րոպեի ընթերցում

Գարի Քյոսայանն ու ամերիկյան ջազի վարպետները Երևանում երաժշտական հրավառություն են խոստանում

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ապրիլի 25-ին «Արամ Խաչատրյան»  համերգասրահում հանդես կգա հոբելյանական համերգով՝ իր շուրջ համախմբելով ամերիկյան ջազի աստղերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ երեկո Քյոսայանի հետ բեմում կլինեն ջազ-վոկալիստ Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։

Նրանք երաժշտասերներին վառ և հագեցած ծրագիր կներկայացնեն, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն ու ժամանակաշրջանները։ Կհնչեն ջազի և բլյուզի հայտնի հիթեր, որոնք դարձել են ժանրի դասականներ, ինչպես նաև Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները։

Հոբելյանական համերգը նվիրված է Գարի Քյոսայանի բեմական գործունեության 60-ամյակին։ Երաժշտական տոնը կարտացոլի կոմպոզիտորի բազմամյա ներդրումը ջազային արվեստի զարգացման մեջ։ Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և ստեղնաշարային գործիքների կատարող Գարի Քյոսայանը ծնվել և մեծացել է Երևանում։ 1990-ականներին արտագաղթել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը։ Նրա վերադարձը հայրենիք երկարատև դադարից հետո պայմանավորված էր 1998 թվականին անցկացված Առաջին երևանյան միջազգային ջազային փառատոնով։ Այդ նույն շրջանում ԱՄՆ-ում լույս է տեսել նրա առաջին ալբոմը՝ For You-ն, որը ճանաչում է ստացել ջազի երկրպագուների շրջանում։ 2000 թվականին Քյոսայանը և նրա խումբը ճանաչվել են ԱՄՆ-ի լավագույն ջազ խումբ։

Երևանյան համերգին հանդիսատեսին սպասվում է անմոռանալի երեկո՝ լի կենդանի էներգիայով, վիրտուոզ կատարմամբ և իսկական ջազային մթնոլորտով։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում