Ռազմաքաղաքական վերլուծաբանն անդրադարձել է Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտության տարբեր ասպեկտների
10 րոպեի ընթերցում
Ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, ավելի լոկալացված տարբերակով մի քանի անգամ դրսևորվել է նախկինում, երբ հակամարտության ներկա փուլին նախորդել են մոդելային մի քանի փուլեր։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունովն անդրադարձել է մերձավորարևելյան հակամարտության նկարագրին՝ նշելով մասշտաբային այդ կոնֆլիկտի հիմնական բնութագրիչներն ու կիրառվող սպառազինությունների առանձնահատկությունները։
«2025 թվականի իսրայելա-իրանական փոխադարձ հարվածները, Եմենի հութիների կողմից իրականացված հրթիռակոծումները նախանշեցին ներկայիս հակամարտության հիմնական ուղղվածությունը։ Պարզապես այս օրերին տեղի ունեցող հակամարտության գլխավոր առանձնահատկությունը դրա մասշտաբայնությունն է ու տարածականությունը։ Յուրահատուկ է նաև Իրանի ռազմական գործողությունների էֆեկտիվությունը, քանի որ ի սկզբանե ԱՄՆ-ն ու Իսրայելը կանխորոշում էին հնարավորինս արագ և կարճ ժամկետներում հասնել լիակատար հաջողության, ինչը տեղի չունեցավ։ Իսրայելական կողմը հիմնվել է Իրանին հասցված նախկին հարվածների փորձի վրա, ուստի կարծում էր, որ այս անգամ ևս կհասներ ցանկալի արդյունքի»,- նշեց Հարությունովը։
Նրա դիտարկմամբ՝ Իրանի ռազմական գործողությունների արդյունավետությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ երկիրը հասցնում է ոչ թե լայնածավալ ու ինտենսիվ, այլ սահմանափակ, բայց նպատակային հարվածներ։
«Թեև դա հեշտացնում է ամերիկյան ու իսրայելական ՀՕՊ համակարգերի աշխատանքն ու իրանական հրթիռային կայանների հայտնաբերումը, բայցևայնպես, փոքրաքանակ, լոկալ հարվածները հասցվում են անօդաչու թռչող սարքերի հետ կոմբինացված, ինչի նպատակը հակառակորդի վրա ճնշման շարունակականությունն է, որպեսզի հնարավոր լինի հրթիռակոծումներն իրականացնել հնարավորինս երկար ժամանակ։ Մյուս կողմից էլ փոքրաթիվ հրթիռակոծումները որոշ չափով անակնկալի են բերում ԱՄՆ-ին ու Իսրայելին, որովհետև հասցվում են հսկայական տարածք ունեցող Իրանի տարբեր հատվածներից»,- նշեց մեր զրուցակիցը։
Հարությունովի կարծիքով՝ երրորդ առանձնահատկությունն այն է, որ իրանական կողմը կենտրոնացել է ոչ միայն կոնկրետ Իսրայելին հարվածներ հասցնելու մարտավարության, այլև ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանի վրա, որտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաներ կան մի շարք երկրներում, հետևաբար դրանք նույնպես դարձել են հեշտ խոցելի թիրախներ։ Բացի այդ, Իրանը վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի վրա և այդ եղանակով փորձում է հակազդել՝ արգելելով կամ սահմանափակելով միջազգային շուկաների մատակարարման համար այդքան անհրաժեշտ էներգակիրների ու ապրանքների բեռնափոխադրումները։
«Այս ամենը միանգամայն նոր իրադրություն է ԱՄՆ-ի ու Իսրայելի համար։ Նախկինում ամերիկյան ռազմաբազաները դուրս էին կոնֆլիկտային գոտիներից և հակառակորդի հակազդեցության ուղեծրից։ Այդուհանդերձ, ամերիկա-իսրայելական երկյակը շարունակում է գործել փորձված սխեմայով, հարվածում է ռազմաօդային ուժերով, թևավոր և բարձր ճշգրտության հրթիռներով, ռազմածովային ուժերով, հինգերորդ սերնդի կործանիչներով։ Սկզբում ճնշում են Իրանի ՀՕՊ հակամարգը, որպեսզի հետո ազատ հարվածներ հասցնեն այդ երկրի ռազմավարական օբյեկտներին։ ԱՄՆ-ն ու Իսրայելն ի սկզբանե կենտրոնացել էին Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացման վրա՝ հույս ունենալով, որ այդ կերպ կհասնեն ցանկալի հանգուցալուծման, իսկ նավատորմի միջոցով ձգտում էին հակազդել իրանական կողմի գործողություններին Հորմուզի նեղուցում և ափամերձ շրջաններում, բայց տեսնում ենք, որ Իրանը լոկալ գործողություններով և հիմնականում հրթիռակոծումներով կարողանում է խնդիրներ լուծել»,- կարծիք հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբանը։
Հարությունովը հավելեց, որ ցանկացած ռազմական կոնֆլիկտի վերաբերյալ ունիվերսալ եզրակացություններ անելիս՝ չարժե կենտրոնանալ միայն այդ հակամարտության վերլուծության վրա, քանի որ մեկ հակամարտությանն առնչվող եզրահանգումները կարող են ակտուալ չլինել մեկ այլ հակամարտության դեպքում։
«Իրանի պարագայում ցամաքային գործողություններ դեռ չկան, այսինքն՝ կոնտակտային պատերազմ չկա։ Հիմնական բնութագրիչը փոխադարձ հրթիռակոծումներն են։ Բայց ահա ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում կոնտակտային պատերազմն իր ամենադաժան դրվագներով առկա է և նույնիսկ հիշեցնում է երկու աշխարհամարտերը։ Բայց դա չի խանգարում նաև բարձր տեխնոլոգիական սպառազինությունների կիրառմանը։ Հետևաբար, եզրահանգումներ անելիս՝ պետք է հաշվի առնել բոլոր առանձնահատկությունները՝ կապված այս կամ այն կոնֆլիկտի բնույթի ու աշխարհագրության հետ»,- նշեց Հարությունովը։
Նրա կարծիքով՝ Իրանի ներկայիս ռազմավարությունն ու դրա համեմատական էֆեկտիվությունը պայմանավորված է վերոհիշյալ երկու գործոնների հաշվառմամբ, քանի որ երկրի մեծ տարածքը հնարավորություն է տալիս հարվածներ հասցնել տարբեր հատվածներից, մինչդեռ ԱՄՆ-ի ու Իսրայելի համար որոշ չափով դժվար է այդ ամենը որսալ և ոչնչացնել։
«Ավելի փոքր տարածք ունեցող երկրում այդ տարբերակը չէր աշխատի, առավել ևս, եթե հակառակորդն ունի զարգացած օդուժ։ Իրանը երկար ժամանակ պատրաստվում էր այս հակամարտությանը, նրա ռազմական ենթակառուցվածքների զգալի մասը գտնվում է գետնի տակ, հատուկ թաքստոցներում։ Բայց պետք է նաև հաշվի առնել այն իրողությունը, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նույնպես ուժեղ են, ունեն մեծ հնարավորություններ՝ շարունակելու պատերազմական գործողությունները։ Նրանք արդեն իսկ հսկայածավալ վնաս են հասցրել Իրանի տնտեսությանն ու կարևոր ենթակառուցվածքներին։ Պարզապես Իրանի ձեռքբերումն այն է, որ ի զորու է տևական ժամանակ հակազդել հակառակորդներին և պատրաստ է երկարատև կոնֆլիկտի, ինչից ի սկզբանե խուսափում էին ԱՄՆ-ն ու Իսրայելը»,- նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այդքան շատ գովաբանված իսրայելական «Երկաթե գմբեթ» կոչված ՀՕՊ համակարգին՝ Հարությունովն ընդգծեց, որ նշված հակամարտության նախորդ փուլերում, երբ հասցվում էին փոխադարձ հարվածներ, արդեն այն ժամանակ ակներև դարձավ, որ Իրանն ունի որոշ հրթիռներ, որոնք իսրայելական ՀՕՊ-ը չի կարող խոցել։
«Ներկա իրավիճակն այդ պրոբլեմի շարունակությունն է։ Իսրայելի ՀՕՊ-ն ի սկզբանե ձևավորվել էր հակազդելու ՀԱՄԱՍ-ի ու «Հըզբոլլահ»-ի հրթիռային համակարգերին, որոնք ավելի փոքր էին ու պարզունակ։ Դա ավելի շատ ունի գովազդի էֆեկտ, քանի որ Իսրայելը տևական ժամանակ գովաբանում էր իր ՀՕՊ-ն ու հպարտանում դրանով։ Իսկ եթե անկեղծ լինենք, ապա 100 տոկոսանոց խոցելիություն ապահովող հակաօդային պաշտպանություն գոյություն չունի, քանի որ հրթիռների որոշակի խմբաքանակ միշտ էլ հասնելու է նպատակակետին։ Այդ խնդիրը հստակ երևում է նաև Ուկրաինայում, որտեղ հակամարտող կողմերը կռվում են բավականին բարդ ու էշելոնացված ՀՕՊ համակարգերով, որոնք նույնպես չեն ապահովում հրթիռների 100 տոկոսանոց խոցելիություն գլխավորապես հարթավայրային ռելիեֆի պայմաններում։ Թեև ռուսական ՀՕՊ-ը նույնպես ամբողջ աշխարհում համարվում է ամենաազդեցիկներից մեկը, ունի երկար տարիների պատմություն, սակայն ուկրաինական որոշ հրթիռներ ու ԱԹՍ-ներ, այնուամենայնիվ, հասնում են Ռուսաստանի տարածք»,- ասաց Հարությունովը։
Եթե արձակված հրթիռների 20-25 տոկոսն ապահովում է նախանշված ճեղքումն ու հասնում նպատակին, ապա, ռազմական վերլուծաբանի կարծիքով՝ դա լավ գործող ՀՕՊ համակարգի պարագայում նորմալ երևույթ է, այսինքն՝ այդ չափաքանակը հաշվարկված նորմայի մեջ է, պարզապես հասարակություններն այդ պարագայում դառնում են չափազանց խոցելի, մարդիկ ավելի ծանր են տանում օդային տագնապներով լի երկարատև արտակարգ իրավիճակը։
Զրույցի ընթացքում մասնագետը խոսեց նաև Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում օդատիեզերական ուժերի ներգրավման և նրանց տվյալների օգտագործման մասին, որոնց շնորհիվ ոչնչացվում են ոչ միայն ռազմավարական օբյեկտներ, այլև սպանվում են թիրախավորված կոնկրետ անձինք։
«Իրանի ռազմաքաղաքական վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների սպանություններն իրականացվեցին մի քանի միջոցների համադրմամբ։ Խոսքը վերաբերում է թե՛ օդատիեզերական հետախուզության, ռադիոտեխնիկական, կիբեռ միջոցների, թե՛ առավել հին, ավանդական գործակալական ցանցի կիրառմանը։ Բազմիցս նշվել է, որ իսրայելական կողմն Իրանում ունի մեծ քանակությամբ լրտեսներ։ Երբ Թեհրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդը, դա արդեն ցուցիչ էր։ Միայն տեխնիկական միջոցներով հնարավոր չէ նման բան անել»,- նշեց Հարությունովը։
Նա հավելեց, որ թեև կատարողական առումով այդ գործողություններն էֆեկտիվ էին, սակայն ռազմաքաղաքական տեսանկյունից դրանք ցանկալի արդյունք չտվեցին, որովհետև Իրանի ղեկավարությունն ու պետական համակարգը դիմացան այդ հարվածներին։