Նիդեռլանդների դեսպանը Հայաստանից դեպի Եվրոպա նոր թռիչքների ավելացումը համարում է փոխադարձ հետաքրքրության աճի ցուցիչ
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը Wizz Air ավիաընկերության կողմից Երևանից Էյնթհովեն (Նիդեռլանդներ) և եվրոպական այլ նոր ուղղություններով թռիչքների ավելացումը համարում է Հայաստանում Եվրոպայի նկատմամբ և Եվրոպայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճի ցուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, որում հայտարարվեց նոր ուղղությունների ավելացման մասին (խմբ. Էյնթհովեն և Բրյուսել):
«Դեպի Եվրոպա ուղղությունների ավելացող թիվը Հայաստանում Եվրոպայի նկատմամբ և Եվրոպայում Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության հիանալի ցուցիչ է, որը ես իսկապես ողջունում եմ»,-ասաց դեսպանը:
Նա նշեց՝ շատ ուրախ է, որ նոր ուղղություններից է Նիդեռլանդների հարավում գտնվող Էյնթհովենը: Ըստ դեսպանի՝ այն գրավիչ է ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև բիզնեսի, գիտության, ուսանողների փոխանակման տեսանկյունից: Նիդեռլանդներում Էյնթհովենը հայտնի է որպես ուղեղային կենտրոն: Այսինքն՝ այն հիանալի էկոսիստեմ է՝ բոլոր տեսակի ստարտափների, նաև գիտնականների համար: