Իսրայելը հայտնել է, որ սպանել է իրանցի ևս երկու բարձրաստիճան հրամանատարի
1 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ գիշերն Իրանի դեմ իրականացված ավիահարվածների ընթացքում Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքում սպանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել Telegram-ում:
ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ Թանգսիրիի հետ միասին սպանել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետախուզության պետ Բեհնամ Ռեզայիին՝ նշելով, որ նա պատասխանատու էր տարածաշրջանային երկրների վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրման համար և համագործակցություն էր վարում հետախուզական տարբեր կազմակերպությունների հետ:
Իրանական կողմն առայժմ չի մեկնաբանել Իսրայելի պնդումները:
Օրեր առաջ բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար Համիդ Միրզադեն՝ իր ընտանիքի անդամների հետ միասին: