Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում դիտարկել է շինարարական ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Սյունիքի և Վայոց ձորի մարզերում դիտարկել է շինարարական ծրագրերի ընթացքը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։ Շրջայցին մասնակցել են կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, կապալառու, նախագծային և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն ու դպրոցների տնօրենները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վայոց ձորի մարզում Եղիազար Վարդանյանը դիտարկել է Շատինի, այնուհետև Սյունիքի մարզում՝ Գորայքի միջնակարգ դպրոցների նորոգման ծրագրերի ընթացքը։ Նա արձանագրել է, որ շինարարական աշխատանքներն ընթանում են գոհացուցիչ տեմպով, անգամ նախատեսվում է սահմանված ժամկետից շուտ ավարտել ծրագրերը։ Արդեն ավարտվել են տանիքների նորոգման աշխատանքները, իրականացվում է ներքին հարդարում, և եղանակային պայմաններից կախված՝ ընթանում են արտաքին բարեկարգման ու հարդարման աշխատանքներ։

Հաջորդ կանգառը եղել է Չիվայի միջնակարգ դպրոցի շինհրապարակում։ Նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծելուց հետո ներգրավված նոր շինարարը նախագծային փոփոխություններով նախատեսված ուժեղացման աշխատանքներին զուգահեռ իրականացնում է ներքին հարդարման, օդափոխության, ջեռուցման համակարգերի մոնտաժման, արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հստակ ժամանակացույց է սահմանել աշխատանքների ավարտի համար և հանձնարարել ավելացնել շինհրապարակում աշխատողների թիվն ու բոլոր ջանքերը ներդնել ծրագրի բարեհաջող իրագործման համար։

Սյունիքի մարզում կոմիտեի նախագահն այցելել է Դարբասի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակ, որտեղ կատարվում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։

Հաջորդիվ դիտարկել է Նորավանի կրթահամալիրի կառուցման ծրագրի ընթացքը: Այստեղ իրականացվում են տանիքի ծածկի կառուցման աշխատանքներ։

Եղիազար Վարդանյանը կապալառուներին կրկին հիշեցրել է աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետում իրականացնելու մասին՝ ընդգծելով, որ կոմիտեն շարունակելու է սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում