7 րոպեի ընթերցում
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ Տաղարան» խորագրով համերգով մարտի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ազդարարվեց Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին հնչեցին ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև երկրի կառավարության հնգամյա ծրագրում։
«2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում. Հայաստանը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների: Այս տարվա միջոցառումները միավորվում են խորհրդանշական խորագրի շուրջ՝ «Հայաստան - Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն»։ Այս ուղերձը լիովին արտացոլում է այն արժեքները, որոնք միավորում են ֆրանկոֆոն համայնքը և որոնց հավատարիմ է նաև Հայաստանը։ Ֆրանսերենը միայն լեզու չէ. այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության և համերաշխության տարածք է։ Ֆրանկոֆոնիան միավորում է ժողովուրդներին՝ հենվելով մշակութային բազմազանության, կրթության զարգացման, փոխըմբռնման և խաղաղության գաղափարների վրա։ Այս արժեքները հատկապես կարևոր են մեր ժամանակներում, երբ միջազգային համագործակցությունը և մշակութային կամուրջների ամրապնդումն անհրաժեշտ են առավել քան երբևէ»,-ասաց նախարարն ու հավելեց՝ երկամսյակը հագեցած է լինելու բազմաբնույթ նախաձեռնություններով՝ համերգներով, ցուցահանդեսներով, կինոդիտումներով, գիտաժողովներով և կրթական ծրագրերով, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն մշակույթի ավելի լայն ճանաչմանը Հայաստանում և նոր կապերի ստեղծմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հպարտությամբ է հանդես գալիս ֆրանկոֆոն ընտանիքում՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ ներկայացուցիչ և շարունակաբար զարգացնում է կրթական, մշակութային և գիտական համագործակցությունը ֆրանկոֆոն գործընկերների հետ՝ նպաստելով ֆրանսերենի տարածմանը, երիտասարդության կրթությանը, մշակութային փոխանակումների ընդլայնմանը և գիտության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն էլ նշեց, որ Ֆրանկոֆոնիային նվիրված նախաձեռնությունները հանրապետության տարածքում շարունակական բնույթ ունեն: «Միջոցառումներն իրականացվում են պետական կառույցների, դեսպանությունների, կրթական և մշակութային հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ՝ տարեցտարի ընդլայնվելով և բազմազանեցվելով։ Հայաստանի համար Ֆրանկոֆոնիան բազմափոխ համագործակցության կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս ամրապնդել միջազգային գործընկերությունը և ընդլայնել համագործակցությունը տարբեր տարածաշրջաններում»,-ասաց Աբիսողոմոնյանն ու տեղեկացրեց, որ վերջերս հրապարակված «Ֆրանսերենն աշխարհում» զեկույցի համաձայն՝ ֆրանսախոսների թիվը հասել է շուրջ 396 միլիոնի, և ֆրանսերենը դարձել է աշխարհում ամենաշատ խոսվող լեզուներից չորրորդը։
Նա արդիական համարեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա «Խաղաղության սերունդ. երիտասարդության ներդրումը հանուն ավելի խաղաղ աշխարհի» խորագիրը՝ նշելով, որ այսօր աշխարհը շարունակում է բախվել բազմաթիվ ճգնաժամերի և հակամարտությունների, որոնք ուղեկցվում են մարդկային տառապանքով, վստահության պակասով և բևեռացման խորացմամբ։ Ըստ փոխնախարարի՝ այդ պայմաններում առավել կարևոր է վերահաստատել խաղաղության, համերաշխության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ հավատարմությունը։
ՀՀ-ում Բելգիայի դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ Դե Մույնքը ևս շեշտեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ընտրած «Խաղաղության սերունդ» խորագիրը նպատակ ունի միավորել մարդկանց մի հիմնարար համոզմունքի շուրջ՝ աշխարհում, որտեղ կրկին գլուխ են բարձրացնում լարվածությունները և ուժային հարաբերությունները, խաղաղությունը մնում է ընտրություն, ինչպես նաև պատասխանատվություն։
Ելույթներից հետո ներկաներն ունկնդրեցին Կլոդ Բալբաստերի, Ժան Բատտիստ Լյուլլիի, Ժան Ֆիլիպ Ռամոյի, Դանիել Ֆրանսուա Էսպրի Օբերի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես եկան երգեհոնահար Թերեզա Ոսկանյանն ու սոպրանո Գալինա Ցոլակյանը:
Մինչ բեմ բարձրանալը լրագրողների հետ զրույցում «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը նշեց, որ ֆրանսիական երաժշտությունը համույթի տասնամյակների երկացանկում շատ կարևոր տեղ ունի: «Այն մեծ դերակատարություն է ունեցել նաև իմ կյանքում, որովհետև հայրս և մայրս ազատ ֆրանսերեն էին խոսում, քանի որ երկար տարիներ ապրել էին Ֆրանսիայում: Ինձ համար այդ պահը շատ զգայական է»,-ասաց մաեստրոն և հավելեց՝ համույթը պարբերաբար ֆրանկոֆոն նոր ստեղծագործություններ է բեմ հանում, որոնք հետաքրքիր են ոչ միայն երաժիշտներին, այլև ունկնդրին, քանի որ հասարակության մեծ մասը քաջածանոթ չէ ֆրանսիական երաժշտության գանձարանին:
Անդրադառնալով երիտասարդների երաժշտական նախասիրություններին՝ Երկանյանը շեշտեց՝ երիտասարդությունը հաճախ ձգտում է հոսանքին հակառակ ընթանալ: Մաեստրոն նրանց խորհուրդ է տալիս անձնական հետաքրքրություններից զատ որդեգրել արժեքներ, որոնք թույլ կտան նաև համընթաց ընթանալ, լինել ինտելեկտուալ, որպեսզի հոգում ցավալի բախում չլինի:
Երկանյանն ասաց, որ իրենց համույթը ևս փորձում է այդ գործում իր դերը խաղալ՝ լուսավորչական աշխատանք տանելով: Նա նշեց, որ 45 տարվա ընթացքում «Տաղարան»-ը հազարից ավելի ստեղծագործություն է կատարել՝ հայկական, եվրոպական, ամերիկյան, ասիական, մասնավորապես չինական, կորեական և այլն: