«The Echo։ հայ և ավստրիացի արվեստագետները՝ մեկ հարկի ներքո»․ «ՀայԱրտ»-ում նոր ցուցադրություն է բացվել
5 րոպեի ընթերցում

«The Echo։ հայ և ավստրիացի արվեստագետները՝ մեկ հարկի ներքո» խորագրով ցուցահանդեսում, որը բացվել է «ՀայԱրտ» կենտրոնում, ներկայացված են 22 ավստրիացի և 22 հայ արվեստագետների աշխատանքներ՝ կատարված տարբեր տեխնիկաներով, ներառյալ՝ գեղանկարչություն և գեղարվեստական տպագրություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Echo ցուցահանդեսը պատասխան ցուցահանդեսն է «Xylon Austria-ն հանդիպում է Հայաստանին» խորագրով ցուցահանդեսների շարքի, որոնք տեղի են ունեցել 2025-ին՝ ավստրիական Քլագենֆուրթ (“BV” ցուցասրահ) և Ինսբրուք (“Nothburga” ցուցասրահ) քաղաքներում։
Համատեղ նախագիծը նպատակ ունի խթանել ոչ միայն Հայաստանի և Ավստրիայի միջև միջմշակութային կապերը, այլև ստեղծել հարթակ, որտեղ հայ և ավստրիացի երիտասարդ արվեստագետները փորձի փոխանակման և մասնագիտական կապեր ստեղծելու հնարավորություն կունենան։
Xylon Austria միավորման նախագահ Քրիստին Քերցի խոսքով՝ այն, ինչ մեկ տարի առաջ սկսվել էր Քլագենֆուրթում և Ինսբրուքում, հաճելի շարունակություն ունեցավ այստեղ՝ Հայաստանում, ուր ժամանել են նաև ավստրիացի շատ արվեստագետներ։ Նա ուրախ է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «ՀայԱրտ»-ում, որն, ըստ նրա, հրաշալի ճարտարապետությամբ աչքի ընկնող շենք ունի։
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև Թբիլիսիում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշները։ Նրա կարծիքով՝ երկու երկրների պատմության մեջ մշակույթն ու արվեստը մեծ դեր են խաղացել։ Դրա վառ ապացույցը Վիեննայում գտնվող Մխիթարյան միաբանությունն է։ «Ես շատ ուրախ եմ, որ այս համագործակցության շրջանակում միայն անցյալի մասին չենք խոսում, այլև անդրադառնում ենք ժամանակակից արվեստին։ Դրա վառ օրինակն անցյալ տարի իրականացված «Ավստրիան հանդիպում է Հայաստանին» ցուցահանդեսների շարքն էր։ Այդ ցուցահանդեսները թե՛ Ավստրիայում, թե՛ Հայաստանում ապացուցում են, որ մշակութային այս համագործակցությունն իսկապես իրական է։ Արվեստն ու մշակույթը պետք է զուրկ մնան քաղաքականությունից, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող նպաստել մշակութային քաղաքականության հաստատմանը»,-նշել է դեսպանը։
Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը տեղեկացնում է, որ հայաստանյան ցուցադրությունում ընդլայնել են ներկայացված աշխատանքների շրջանակը և ցուցադրվում են ոչ միայն փորագրանկարներ, այլ նաև գեղանկարներ։ Անդրադառնալով հայ և ավստրիացի արվեստագետների աշխատանքների բովանդակային և տեխնիկական նախապատվություններին ու տարբերություններին՝ Հարությունյանն ընդգծել է․ «Ավստրիացի արվեստագետներն ավելի հմուտ և ազատ են, որովհետև իրենց տեխնիկական հնարավորությունները՝ հաստոցների հզորությունը, նյութերի բազմազանությունն ավելի մեծ են։ Մեր արվեստագետները բովանդակային խնդիր չունեն, մեր խնդիրը միայն նյութական, տեխնիկական բազան է, թղթի կամ ներկերի որակը»։
50 տարուց ավելի գործող Xylon Austria կառույցը համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների և արվեստագետների հետ։ Xylon Austria միավորման անդամ և հայ-ավստրիական միջմշակութային համագործակցության նախաձեռնող ու իրականացնող Մանֆրեդ Էգգերը պատմել է, որ Սոնա Հարությունյանի հետ նախագծի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել 2023-ին՝ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային 4-րդ բիենալեի շրջանակում։ «Մենք որոշեցինք, որ հայ և ավստրիացի արվեստագետների համատեղ ցուցադրությունը պետք է ոչ միայն ցանկալի լինի, այլ նաև իրականություն դառնա։ Դրա արդյունքում տեղի ունեցավ 3 ցուցահանդես, որոնցից 2-ն Ավստրիայում, իսկ 3-րդը՝ Հայաստանում»,-նշել է Մանֆրեդ Էգգերը՝ արվեստի առաքելությունը տեսնելով արվեստին ծառայելու մեջ։
The Echo ցուցահանդեսն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» կենտրոնի, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեի, Xylon Austria նախաձեռնության և «Նոթբուրգա» պատկերասրահի հետ համագործակցությամբ։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 20-ը։