Ժաննա Անդրեասյանը Շիրակի մարզի մարզական հաստատություններում ծանոթացել է ուսումնական և մարզումային պայմաններին
4 րոպեի ընթերցում

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եղել է մարզական մի շարք հաստատություններում: Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից, Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցում էր։ Այստեղ նախարարը ծանոթացել է ուսումնական և մարզումային պայմաններին, ինչպես նաև գույքային հագեցվածությանը։ Քննարկվել են մարզադահլիճի վերանորոգման և տարածքի ընդլայնման հարցերը՝ պայմանավորված սաների թվի աճով և նոր խմբերի ձևավորմամբ։
Գյումրիի մարզական բարձրագույն վարպետության դպրոցն այս տարի նշելու է հիմնադրման 80-ամյակը։ Այստեղ գործում են ազատ ոճի ըմբշամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, ծանրամարտ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ և սամբո մարզաձևերի ուսումնական խմբեր, որոնցում ընդգրկված է շուրջ 260 պարապող։
Այնուհետև նախարարն այցելել է Գյումրիի համալիր մարզադպրոց, որտեղ ևս դիտարկել են առկա պայմաններն ու նյութատեխնիկական ապահովվածությունը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզագույքի, մասնավորապես՝ մարզագորգերի արդյունավետ և նպատակային օգտագործումը՝ ընդգծելով, որ դրանց ճիշտ շահագործումը կարևոր նախապայման է երեխաների լիարժեք մարզական զարգացման համար։
Աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը եղել է նաև մի շարք այլ մարզական հաստատություններում՝ Գյումրիի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, Գյումրիի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում, Գյումրիի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում և աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:
Մարզադպրոցներում նախարարը ծանոթացել է ենթակառուցվածքների առկա վիճակին, արձանագրել առկա խնդիրները, զրուցել սաների և մարզիչների հետ: Նա ընդգծել է մի շարք հաստատությունների հիմնանորոգման անհրաժեշտությունը՝ կարևորելով մարզական ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։
Գյումրիի ձմեռային մարզաձևերի մարզադպրոցում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակման փուլում է գտնվում Աշոցքում ձմեռային մարզաձևերի նոր մարզադպրոցի կառուցման նախագիծը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է պետական մակարդակով համակարգային մոտեցման ձևավորումը։
Նրա դիտարկմամբ՝ նպատակահարմար է մշակել համալիր ծրագիր նաև մարզադպրոցների համար՝ ուղղված դրանց հիմնանորոգմանը, վերակառուցմանը և ամբողջական վերազինմանը։
«Այսօր տարբեր մարզադպրոցներում իրականացվում են հատվածական աշխատանքներ, սակայն շենքերի մեծ մասը պահանջում է ամբողջական վերանորոգում։ Վերջին տարիներին, իհարկե, դրական տեղաշարժ է արձանագրվում մարզագույքի ձեռքբերման ուղղությամբ։ Օրինակ՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակում ձեռք բերված գույքն արդեն փոխանցվել է մարզադպրոցներին և ակտիվորեն օգտագործվում է, ինչը կարևոր առաջընթաց է»,-նշել է ԿԳՄՍ նախարարը։
Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում առանձնակի ընդգծվել է փակ մարզահամալիրի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզի եղանակային պայմանների առանձնահատկությունները, որոնք հաճախ սահմանափակում են բացօթյա մարզումները։