Հայաստանում ընդլայնվում է մանկապարտեզների ցանցը. մինչև 2026 թվականի ավարտ շահագործման կհանձնվեն նոր հաստատություններ

7 րոպեի ընթերցում

Հայաստանում  պետական և համայնքային  լայնածավալ ծրագրերի շնորհիվ ավելանում  է մանկապարտեզների հասանելիությունը: Գյուղական համայնքներում  կառուցվում  են  նոր կրթահամալիրներ, ներդրվում են 0-2 տարեկանների համար մսուրային խմբեր, և սոցիալապես  անապահով ընտանիքների  երեխաները  արդեն ստանում են  անվճար նախադպրոցական կրթություն ՝ առանց ֆինանսական խոչընդոտների:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ  նախադպրոցական  տարիքի  երեխաների ընդգրկվածության  ապահովումը շարունակում է մնալ պետական  առաջնահերթ  ուղղություններից մեկը: Այս ուղղությունը բխում է կրթության զարգացման ռազմավարությունից, և վերջին տարիներին այս ոլորտում իրականացվել են  լայնածավալ   համակարգային աշխատանքներ՝ յուրաքանչյուր երեխայի  համար ապահովելու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունը:

Ծրագրերից առանձնահատուկ նշանակություն ունի «500 մանկապարտեզ» ծրագիրը: Այս պահի  դրությամբ  շինարարական  աշխատանքներն ավարտվել են 280 մանկապարտեզներում և նախակրթարաններում: Նշված հաստատությունները կահավորվել են ժամանակակից գույքով և տեխնիկական  միջոցներով և արդեն գործում են, իսկ  մի շարք  մանկապարտեզներ  շահագործման կհանձնվեն  մինչև  2026 թվականի ավարտը:

Գյուղական բնակավայրերում  կառուցվում  է  60 կրթահամալիր: Այս մոտեցումը հնարավորություն է տալու գյուղաբնակ  երեխաներին օգտվել բարեկարգ և նորակառույց  նախադպրոցական հաստատություններից:

Բացի այդ, ներդրվել են նաև այլընտրանքային նախադպրոցական մոդելներ 13 բնակավայրերում: Այդ շրջանակում համայնքներում օգտագործվել են առկա տարածքներ՝ դպրոցներին կից  կամ համայնքապետարանների շենքերում, որտեղ հիմնվել են նախակրթարաններ: Ներկայումս 413 դպրոցներում գործում են նման խմբեր, որտեղ ավելի քան 6000 երեխա ստանում է նախադպրոցական կրթություն:

Կատարված աշխատանքի արդյունքում նկատելի է ընդգրկվածության աճը. եթե 2021 թվականին 3-5 տարեկան  երեխաների ընդգրկվածությունը կազմել է 64 տոկոս, ապա 2025 թվականին հասել է արդեն 81 տոկոսի: Պետությունը շարունակում է հետևողականորեն աշխատել այս  ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ:

Առաջնահերթություններից  մեկը բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության հասանելիության ապահովումն է: Հանրապետությունում  առկա 1011 բնակավայրերից միայն 87-ում, որոնք  հիմնականում փոքր համայնքներ են, դեռևս բացակայում են նման ծառայություններ: Այս ուղղությամբ նույնպես իրականացվում են քայլեր՝ ծառայությունների ամբողջական հասանելիություն ապահովելու համար:

Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է խոշոր քաղաքներին՝ Երևանին, Վանաձորին, Գյումրիին, Հրազդանին և Աբովյանին, որտեղ  մանկապարտեզների սահմանափակ քանակի պատճառով առաջանում են հերթեր: Այս հարցի լուծման նպատակով նախաձեռնվել են  բանակցություններ  մասնավոր հատվածի հետ: Նախատեսվում է ծրագիր, որի շրջանակում պետությունն ու համայնքները հնարավորություն  կունենան պատվիրակել  մասնավոր մանկապարտեզներին՝ սպասման  ցուցակներում  գտնվող երեխաների կրթության կազմակերպումը:

«Միևնույն ժամանակ, ուշադրություն է դարձվում նաև ավելի փոքր տարիքային խմբերին: Եթե մինչ այժմ հիմնական շեշտը դրվել է 3-5 տարեկանների վրա, ապա այժմ մշակվում են ծրագրեր՝0-2 տարեկան երեխաների համար մսուրային ծառայությունների  ներդրման ուղղությամբ: Նախատեսվում է արդեն այս տարվանից  մանկապարտեզներում բացել 1-2 տարեկանների խմբեր, ինչպես նաև  մի հաստատությունում՝6-12 ամսական երեխաների համար նախատեսված խումբ: Պահանջարկը մեծ է, և շատ դեպքերում  հերթերը գերազանցում են առկա տեղերի քանակը»,-  նշեց փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

Ընդունելության գործընթացը իրականացվում է թափանցիկ՝ առցանց համակարգի միջոցով, որը հնարավորություն է տալիս ծնողներին հետևել հերթագրման ընթացքին: Սահմանված են նաև սոցիալական որոշ խմբերի արտոնություններ, սակայն ներդրվել են կարգավորումներ՝ հավասարակշռելու առաջնահերթ և ընդհանուր հերթերի բաշխումը:

Նախադպրոցական կրթության համակարգում իրականացվում են նաև թվայնացման  լայնածավալ աշխատանքներ: Նախատեսվում է ստեղծել միասնական հարթակ, որտեղ կներառվեն երեխաների ընդունելության, հաճախման և կրթական առաջընթացի վերաբերյալ տվյալները: Սա հնարավորություն կտա հետագծել երեխաների կրթական ճանապարհը և կատարել վերլուծություններ՝ կրթության որակի բարձրացման նպատակով:

Կարևոր ուշադրություն է դարձվում նաև երեխաների սննդակարգին: Թեև  ոլորտը կարգավորվում է  առողջապահության համակարգի կողմից, կրթության պատասխանատու կառույցները ևս ներգրավված են գործընթացում՝ ապահովելու միջազգային չափանիշներին  համապատասխան սնունդ: Վերջերս թարմացվել են նախադպրոցական հաստատությունների սննդակարգերը:

Նախադպրոցական կրթության կազմակերպումը հիմնականում համայնքների պատասխանատվության  ներքո է, սակայն պետությունը մասնակցում է մի շարք  ծրագրերի ֆինանսավորմանը: Դպրոցներին կից նախակրթարաններում կրթությունն անվճար է, և երեխաները ստանում են սնունդ՝ բացառությամբ Երևանի, որտեղ ծրագիրը դեռ ներդրման փուլում է:

Մի շարք  համայնքներ, իրենց բյուջեի հնարավորություններից ելնելով, արդեն  որոշում են կայացրել նախադպրոցական կրթությունն ամբողջությամբ անվճար դարձնելու  մասին: Բացի այդ, պետությունը ֆինանսավորում է սոցիալական որոշ խմբերի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների  մասնակցությունը նախադպրոցական կրթությանը:

Նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից ընդլայնել աջակցությունը նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ ապահովելով, որ ֆինանսական խնդիրները չդառնան կրթությունից դուրս մնալու պատճառ:

«Այսպիսով, իրականացվող համալիր ծրագրերի արդյունքում պետությունը քայլ առ քայլ մոտենում է իր գլխավոր նպատակին՝ ապահովել նախադպրոցական կրթության լիարժեք հասանելիություն բոլոր երեխաների համար»,- եզրափակեց  Արաքսիա Սվաջյանը:

Լուսինե Ջալալյան  

Հայերեն