5 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած քաղաքական ուժը այնքան ձայն կստանա, որը հնարավորություն կտա խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կազմել։ Վարչապետի խոսքով՝ դա է, որ հնարավորություն կտա տարածաշրջանային խաղաղության համատեքստում պրոցեսները դարձնել լիարժեք անշրջելի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ակնկալում ենք այս ընտրությունների արդյունքում ունենալ սահմանադրական մեծամասնություն, որովհետև դա է, որ կերաշխավորի, որ մասնավորապես տարածաշրջանային խաղաղության համատեքստում մենք պրոցեսները դարձնենք լիարժեքորեն անշրջելի»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն առանց անուններ տալու ընդդիմադիր որոշ ուժերի մեղադրել է Ադրբեջանի հետ նոր պատերազմ պատրաստելու մեջ։ Վարչապետը հայտարարել է, որ այդ ուժերի մի մասը չեն էլ հասկանում, թե ինչ հայտարարություններ են անում, քանի որ նրանց հայտարարությունների առնվազն մի մասը գրվում է այլ տեղերում, իսկ նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են։
«Այդ կուսակցությունները և այդ շրջանակներն առաջինը ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը և երկրորդիվ ասում են, որ իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ դա պատերազմ է՝ Հայաստանի համար ոչ միայն տարածքային, այլ նաև ինքնիշխանության կորստով։
Նրանցից ոմանք, ըստ ամենայնի, չեն էլ հասկանում, թե ինչ են ասում, որովհետև ինձ համար ակնհայտ է՝ այն տեքստերը, որ իրենք արտասանում են՝ առնվազն դրանց մի մասը, գրված են ուրիշ տեղերում և նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են։ Առավել ևս իրենց ասածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները, իհարկե, չպետք է կարողանան Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։
Բոլոր այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը։ Ես վերլուծում եմ չէ՞ տեքստերը, թե ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ լինի, անուններն էլ կտամ, հստակ, ենթադրում եմ, որ մի մասը չի էլ հասկանում, թե ինչ է ասում, բայց նրանք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»,- եզրափակել է վարչապետը։
Լրացնող հարցին, թե ինչո՞ւ են այդ ուժերը ցանկանում նոր պատերազմ սանձազերծել, վարչապետը պատասխանել է. «Նպատակը շատ պարզ է, որովհետև իրենք նպատակ ունեն Հայաստանը պահել ծայրագավառի կարգավիճակում, ինչպես եղել է իրենց իշխանության շրջանում։ Նրանք տեսնում են, որ Հայաստանն անկախացել է և խնդիր ունեն դրա հետ, որովհետև նրանք էմիսարներ են՝ թույլ չտալու, որ Հայաստանն անկախանա։ Երեկ կամ նախորդ օրը ինչ-որ նկարներ եմ տեսնում՝ «Ուժեղ խաղաղություն», կամ նախորդ օրը վերնագրեր եմ տեսնում՝ «Ներիր մեզ, Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք»։ Այս ամենը ինչի՞ մասին է, այս ամենը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է, իսկ խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմ է՝ անմիջապես։ Կամ ասում են «Արարատը մերն է», »Դադիվանքը մերն է»։ Դա պատերազմ է»։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են այդ ուժերը շահելու պատերազմից՝ Փաշինյանն ընդգծել է, որ նրանք պատերազմից շահելու են այն, որ լինելու ոն ֆորպոստի, ոչ թե պետության կառավարիչ, որովհետև ժամանակը ցույց է տվել, որ նրանց համար դա ֆինանսապես ձեռնտու է։ «Նաև պահպանելու են որոշ երկրներում իրենց ունեցած միլիարդները, որովհետև նրանց ուղարկել են այստեղ, ասել են՝ եթե խնդիրը չլուծեք, այլևս չի լինի այն, ինչ ֆորմալ ձեր անունով է գրված։ Այդ հիմնական ուժերը, երեքն էլ, որոնք այդ դիրքից են հանդես գալիս, միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում։ Հիմա նրանց ասել են՝ եթե ուզում եք այդ ունեցվածքը պահեք, աշխատեք, քրտնեք, վազեք, ձգվեք, «упор лежа»՝ 30 անգամ։ Չեն կարողանալու, ես այնտեղ մարդ չեմ տեսնում, որ կարող է 30 անգամ ձգվել կամ 100 կիլոմետր հեծանիվ քշի»,- ասել է Փաշինյանը։