Շվեդիայի ԱԳ նախարարը դատապարտել է Իրանում իր երկրի քաղաքացու մահապատիժը
1 րոպեի ընթերցում

Իրանում մահապատժի է ենթարկվել Շվեդիայի քաղաքացի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։
Նախարարի խոսքով՝ անձը, որի անունը հայտարարության մեջ չի նշվում, ձերբակալվել է Իրանում 2025 թ. հունիսին, և Շվեդիան բազմիցս բարձրացրել է այս հարցն իրանցի պաշտոնյաների հետ շփումներում։
«Մահապատիժն անմարդկային, դաժան և անդառնալի պատիժ է։ Շվեդիան ԵՄ մնացած անդամ երկրների հետ միասին դատապարտում է դրա կիրառումը բոլոր հանգամանքներում», - ասել է Ստեներգարդը։
Նա հավելել է, որ մահապատժին հանգեցրած դատական գործընթացները չեն համապատասխանել պատշաճ դատավարության չափանիշներին։
Ըստ այլ լրատվամիջոցների հրապարակումների՝ իրանական ծագում ունեցող Շվեդիայի քաղաքացին մեղավոր է ճանաչվել Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար։