Իրան

Շրի Լանկայում չորեքշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային. ասիական երկրները միջոցներ են ձեռնարկել վառելիք խնայելու համար

2 րոպեի ընթերցում

Շրի Լանկայում չորեքշաբթի օրերը կլինեն ոչ աշխատանքային. ասիական երկրները միջոցներ են ձեռնարկել վառելիք խնայելու համար

Շրի Լանկան յուրաքանչյուր չորեքշաբթի օրը ոչ աշխատանքային է հայտարարել պետական ​​հաստատությունների համար։ Այս քայլը ձեռնարկվել է վառելիք խնայելու նպատակով, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր Հորմուզի նեղուցը փակվել է, իսկ էներգակիրների գներն՝ աճել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մենք պետք է պատրաստվենք վատագույնին, բայց լավագույնի հույս ունենանք», - բարձրաստիճան պաշտոնյաների հետ արտակարգ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Անուրա Կումարա Դիսանայակեն։

Վառելիքի խնայողության նպատակով ասիական մի շարք երկրներ տարբեր միջոցառումներ են ձեռնարկել։

Օրինակ՝ Թաիլանդում կառավարությունը մարդկանց հորդորել է կոստյումները փոխարինել կարճաթև շապիկներով՝ օդորակիչ քիչ օգտագործելու համար։ Մյանմայում մասնավոր մեքենաներին թույլատրվում է երթևեկել օրումեջ՝ ըստ պետհամարանիշների։

Բանգլադեշը համալսարաններում Ռամադանի հետ կապված հանգստյան օրերն առաջ է բերել, ինչպես նաև ամբողջ երկրում մտցրել է պլանային անջատումներ՝ էներգիա խնայելու համար։

Ֆիլիպիններում որոշ պետական գրասենյակներ պարտադրել են, որ աշխատակիցները շաբաթական առնվազն մեկ օր աշխատեն տնից, իսկ նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​Կրտսերն արգելել է պետական ​​​​հատվածում ոչ հրատապ ճանապարհորդությունները։

Իսկ Վիետնամը խստորեն հորդորում է քաղաքացիներին ավելի շատ մնալ տանը՝ վառելիք խնայելու համար։ Կառավարությունը նաև կոչ է արել մարդկանց «վարել հեծանիվներ, համատեղ օգտագործել մեքենաներ, օգտվել հասարակական տրանսպորտից և սահմանափակել անձնական մեքենաների օգտագործումը, երբ դա անհրաժեշտ չէ։

Հորմուզի նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ 2025 թվականին Հորմուզի նեղուցով անցնող նավթի և գազի գրեթե 90%-ն ուղղվել է Ասիա, որն աշխարհում ամենաշատ նավթ ներմուծող տարածաշրջանն է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում