Մեկնարկել են Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում սկսվել և ընթանում են վերանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի «Հեքիաթ» մանկապարտեզի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 162 միլիոն 960 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։
Ծրագրով նախատեսվում է հատակի, պատերի, սանհանգույցների, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի վերանորոգում, նոր դռների և լուսամուտների տեղադրում, այլ աշխատանքներ։
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգումներին զուգահեռ Սևան համայնքն էլ հայտարարել է մրցույթ «Հեքիաթ» մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգման և կահավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 150 օրացուցային օրվա ընթացքում։
«Հեքիաթ» մանկապարտեզը գործում է 6 խմբով։