Իրավունք

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ․ նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ․ նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով, նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ, ով հարցի լուծման համար 2025 հուլիսին պահանջել է խոշոր չափի՝ 11.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ բացահայտվել են նաև ՊՆ նույն պաշտոնատար անձի կողմից քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու և դրան օժանդակելու դեպքեր:

Մասնավորապես՝ ՊՆ պաշտոնյան օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ քաղաքացու՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու դիմաց նրանից ստացել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ապրանքներ, իսկ մյուս դեպքում՝ մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթին վարժական հավաքներից խուսափելուն օժանդակելու համար նշված պաշտոնյային դրդել է կազմել բժշկական կեղծ եզրակացություն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում