Մեկնարկել են Ծովագյուղի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում արդեն մեկնարկել և ընթանում են մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Ծովագյուղի մանկապարտեզի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 171 միլիոն 240 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրով նախատեսվում է հատակի, պատերի, աստիճանների, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի, սանհանգույցների վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, այլ աշխատանքներ։
Սևան համայնքն էլ հայտարարել է մրցույթ՝ մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման և կահավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 150 օրացուցային օրվա ընթացքում։