Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը 3 խոշորացված համայնք ձևավորելու որոշում ընդունեց

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը 3 խոշորացված համայնք ձևավորելու որոշում ընդունեց

Կառավարությունը Հայաստանում համայնքների խոշորացման հերթական որոշումն ընդունեց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում համայնքների խոշորացման վերաբերյալ հերթական նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Այս նախագծով առաջարկում ենք միավորել 9 համայնք՝ 8 բնակավայրով և ձևավորել երեք խոշորացված համայնք՝ 3 մարզերում։ Առաջարկվում է ձևավորել Ստեփանավան համայնքը Լոռու մարզում՝ ներառելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայր։ Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, ներառել ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայր։ Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց ձորի մարզում, ներառել Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայր»,- ասաց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ փոփոխությունը իրականացնելուց հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կկազմի 64։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ չունեն մեկ դեպք, որ համայնք խոշորացնելու համար փոշմանել են։ «Հակառակը՝ մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի և բնակավայրերի կյանքի և սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողություններն էականորեն և անգամներով մեծանում են։ Իհարկե, մենք նաև պետք է համայնքային իշխանությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմներ մշակենք, ինչպես նաև պետք է քաղաքացիների հետ ակտիվ հաղորդակցություն իրականացնենք, թե ոնց է աշխատում համակարգը»,- նշեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում