Մենք երիտասարդացրել ենք դասական արվեստի ունկնդրին. Սիմֆոնիկը Ժամանակակից երաժշտության փառատոնով նոր դռներ կբացի կոմպոզիտորների առաջ
16 րոպեի ընթերցում

Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ճանաչելի դարձնելու նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 21-ից մարտի 30-ն անցկացնում է Ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը։ Մեծամասշտաբ իրադարձության շրջանակում Հայաստանն աշխարհի տարբեր ծայրերից հյուրընկալում է հանրաճանաչ երաժիշտների, կատարողների, որոնք իրենց անհատական մեկնաբանությամբ առավել ընդգծում են այս կամ այն կոմպոզիտորի ստեղծագործության բազմաշերտությունն ու գեղեցկությունը։
Փառատոնի և առհասարակ երաժշտարվեստին վերաբերող մի շարք հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի հետ։

-Պարոն Բալբաբյան, տարիներ շարունակ նվագախումբն իրականացնում է Խաչատրյանի անվան, «Արմենիա» և այլ փառատոններ։ Ի՞նչը հիմք հանդիսացավ Ժամանակակից երաժշտության փառատոնի հիմնադրման համար։
-Նվագախումբը 2010 թվականից անցկացնում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որի նպատակն է ներկայացնել մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները, թվայնացնել դրանք, ձայնագրել, տեսանկարահանել ու թողարկել տարբեր հարթակներում։ Այս տարվանից փառատոնն ընդլայնվում է՝ ներգրավելով ոչ միայն հայ կոմպոզիտորների գործեր, այլև մեր կողքին ապրող օտարերկրացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
-Ճի՞շտ եմ հասկանում, որ Կոմպոզիտորական արվեստի և Պենդերեցկու անվան փառատոնները միավորելու արդյունքում ստեղծվեց Ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը։
-Այո։
-Հաճախ եմ հանդիպում հարցադրումների, թե ո՞ւր է ժամանակակից գրականությունը, որտեղ են ժամանակակից կոմպոզիտորներն ու երաժշտությունը։ Այս հարցերից առնվազն մեկին ինչպե՞ս կպատասխանի Ժամանակակից երաժշտության փառատոնը։
-Հասարակության մեջ կա մտայնություն, որ ժամանակակից երաժշտությունը բարդ է, դյուրըմբռնելի չէ։ Այս փառատոնը գալիս է հերքելու այդ մտայնությունները և ասելու, որ մեր կողքին կան կոմպոզիտորներ, մարդիկ, որոնք ստեղծագործում և ինտելեկտուալ բարիք են ստեղծում։ Դա պետք է անպայման ներկայացվի, հասանելի լինի հասարակությանը, որպեսզի երաժշտասեր հանրությունը ճանաչի իր կողքին ապրող հերոսներին։ Հազարից մի կոմպոզիտոր է իր ապրած ժամանակներում ընդունվել ու հանրաճանաչ եղել։ Բախի ժամանակ նա էր ժամանակակից, Մոցարտի ժամանակ՝ Մոցարտը և այսպես շարունակ։ Ինչո՞ւ եմ այս հասարակ օրինակը բերում, որովհետև դրա հիման վրա կարողանում ենք հասկանալ, որ երբեք չես իմանա, թե որ կոմպոզիտորն է մեկ դար հետո համարվելու դարի տաղանդ։
-Ժամանակը կորոշի դասականներին։
-Բոլոր կոմպոզիտորները պետք է գոնե մեկ անգամ իրենց ստեղծագործությունը լսեն կենդանի կատարմամբ։ Սա մեր փառատոնի կարևոր նպատակներից է։ Ցանկանում ենք հատկապես երիտասարդ կոմպոզիտորներին տալ այդ հնարավորությունը։ Դա ոգևորում է ստեղծագործողին, նոր նշաձող է սահմանում նրա համար և ստեղծագործելու լիցքեր հաղորդում։

-Պատահո՞ւմ է, որ նվագախմբի կատարմամբ ստեղծագործությունը լսելուց հետո կոմպոզիտորը փոփոխությունների դիմի։
-Իրականում կատարողական մեկնաբանությունը շատ սուբյեկտիվ երևույթ է։ Կոմպոզիտորը տալիս է նոտաներն ու պատկերացնում, որ ամենակատարյալ ու վերջնական ձևակերպումն է գտել, բայց լսելուց հետո պատահում է, որ գործը խմբագրվում է։ Նման օրինակներից են Բրուքների սիմֆոնիաները, որոնք բազմաթիվ տարբերակներով են կատարվում։ Դա շատ բնական է. երբեմն խմբագրումներ են կատարվում այնքան, մինչև կոմպոզիտորը սպառի նյութի հետ կապված բոլոր մտքերը։
-Ե՛վ որպես նվագախմբի տնօրեն, և՛ որպես երաժիշտ շատ եք շրջում աշխարհում և ծանոթ եք ժամանակակից երաժշտության զարգացումներին։ Որքանո՞վ է մեր երկրում ծնվող երաժշտությունը համահունչ քայլում միջազգային հարթակներում ստեղծվող մեղեդիների հետ։
-Փառատոնի համերգային ծրագրերում ոչ դյուրամարս գործերը համադրում ենք հայտնի ստեղծագործությունների հետ, որպեսզի մեր հասարակությունը կամաց-կամաց ընտելանա ու ընկալի այդ գործերը։ Իրականում մեր երիտասարդները բարդ ժամանակակից երաժշտություն են լսում, ուղղակի չեն գիտակցում, որ դա նույն երաժշտությունն է, բայց տարբեր ժանրերում։ Հաճախ լսում ենք Հանս Ցիմերի երաժշտությունն ու ասում, որ սիրում ենք այն, բայց եթե նրա այս կամ այն գործը նոտայագրենք ու համերգասրահում ունկնդրենք, կտեսնենք, որ այն բավականին բարդ է։ Մեր երկրում կան կոմպոզիտորներ, որոնց գործերը բարձրարժեք են։ Պետք է ճանաչել նրանց, հետո ներկայացնել աշխարհին։
-Կարո՞ղ ենք ասել, որ նվագախմբի համերգներից շատերը, որոնք ուղեկցվում են ֆիլմերից հատվածների էկրանային ցուցադրություններով, նպաստում են նվագախմբային համերգների դյուրամարս դառնալուն։
-Այդ նախագծերը, որոնք անվանում ենք սիմֆոնիկ սերիաներ՝ «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոիկ ջազ» և այլն, շատ կարևոր են նոր ունկնդիր ձեռք բերելու համար։ Այդ համերգների շարքը սկսել ենք 2009 թվականից, երբ նվագախումբն ընդամենը երեք տարեկան էր։ Հանդես էինք գալիս ինստիտուտներում, համալսարաններում։ Պետք է համեստորեն ասեմ, որ երիտասարդացրել ենք դասական երաժշտության ունկնդրին։ Ի տարբերություն այն բոլոր երկրների՝ սկսած Չինաստանից մինչև ԱՄԷ կամ ԱՄՆ և եվրոպական երկրներ, որտեղ մեր ունկնդիրը 60 և ավելի բարձր տարիքի է, Հայաստանում այն երիտասարդ է, ինչը նաև այդ նախագծերի արդյունքն է։
Այսօր նման նախագծեր են իրականացնում նաև այլ նվագախմբերը, ինչը ողջունելի է։ Լավ է, որ կարողացել ենք այդ թրենդը ձևավորել, սակայն ցավում եմ հեղինակային իրավունքների խախտման համար։ Մեր երկրում հեղինակային իրավունքի վերահսկման լրջագույն խնդիր կա։ Սիմֆոնիկն աշխատում է Disney-ի, CineConcerts-ի, Warner Bros-ի և շատ այլ կազմակերպությունների հետ, որոնք թողարկել են հանրահայտ մուլտֆիլմեր ու կինոերաժշտություն։ Ցանկացած ֆիլմից կամ մուլտֆիլմից որևէ հատված առանց թույլտվության ցուցադրելը հեղինակային իրավունքի խախտում է։ Սիմֆոնիկ նվագախումբը պահպանում է բոլոր հեղինակային իրավունքները։ Շուտով Հայաստանում ներկայացնելու ենք ամբողջական ֆիլմերի, մուլտերի կատարումներ։

-Վերադառնանք մեր ստեղծագործողներին։ Ինչպես շատ տարիներ առաջ, այնպես էլ այս տարի Օլիմպիական խաղերում գեղասահորդները հանդես եկան Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարը» երաժշտության ներքո։ Մեկնաբանները նշում են, որ այն Խաչատրյանի ամենահայկական գործերից է, որը համաշխարհային ճանաչում ունի։ Այսօր, երբ երաժշտություն են գրում, փորձո՞ւմ են հայկական տարրերը պահպանել, որպեսզի ձեռագիրը ճանաչելի լինի, թե՞...
-Շատ քիչ ստեղծագործություններում կարող ենք հանդիպել հայկական տարրերի, հատկապես, երբ խոսքը երիտասարդ կոմպոզիտորների մասին է, բայց դա գլոբալիզացիայի արդյունքն է, ինչի վրա ազդել հնարավոր չէ։ Ազգային երաժշտությունը պետք է մեծ ցանկությունից ծնվի։ Եթե կոմպոզիտորն ունի ազգային մտածողություն, վատ իմաստով չեմ ասում, նա անպայման կօգտագործի այն։ Իրականում դա նաև դարաշրջանի հարց է։ Մենք ունենք Արամ Խաչատրյան, ունենք նրանից հետո եկող կոմպոզիտորների սերունդ, որոնց գործերում ազգայինի օգտագործումը, եթե այն ժամանակ լիներ այդ բառը, կասեին՝ թրենդը, շատ բնական էր։ Դա բնորոշ էր այդ տարիներին։ Այսօր ազգայինին վերադառնալու միտում չկա, ինչը, հավանաբար, ժամանակի հարց է։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը լսելիս երաժշտագետներն այնտեղ հինգից ավելի հայկական մեղեդիներ են գտնում, կան նմանություններ «Կաքավիկ»-ին և այլ երգերի, որոնք առանձնանում են։ Ջոն Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիայում հնչում է «Կռունկ»-ը, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններում ևս կան ազգային տարրեր, Միրզոյանի Սիմֆոնիայում հնչում է «Քեռին եկավ մեր բակը» ժողովրդական-քաղաքային երգը, այսինքն՝ ազգայինին մոտենալու տենդենցը դարաշրջանի հարց էր, իսկ այսօր դա այնքան էլ արտահայտված չէ։
-Կրկին դառնանք փառատոնին։ Կխնդրեմ մի փոքր պատմել մենակատարների և պրեմիերաների մասին։ Բացման համերգը մեկնարկեց Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերայով։
-Զարթմանը մեր ունկնդրին հայտնի է «Աստված օրհնի Հայաստանը» (God Bless Armenia) ստեղծագործությամբ, և այն շատ սիրված է, իսկ նրա Դաշնամուրի կոնցերտի պրեմիերան հնչեց հայտնի դաշնակահար Աշոտ Խաչատրյանի կատարմամբ։ Այդ ստեղծագործությունն ունի և՛ ազգային, և՛ ժամանակակից սինեմատիկ տարրեր։ Այն տանում էր նաև դեպի Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը, ինձ թվաց, որ ոգեշնչվել է այդ երաժշտությունից։ Այն դեռ երկար ճանապարհ է անցնելու։
Այս տարի լրանում է Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակը, մեր մեծ սիմֆոնիստի, որին այնքան էլ լավ չեն ճանաչում, և նրա Չորրորդ սիմֆոնիան, որը կես դարից ավելի չէր կատարվել, հնչեց փառատոնին, ինչպես նաև Ալեքսանդր Աճեմյանի «Տոնական նախերգանք»-ը։ Աճեմյանը երիտասարդներին հայտնի է «Սիրո հասակ» երգով։
Փետրվարի 25-ին աշխարհի լավագույն թավջութակահարներից մեկը՝ Մարիո Բրունելոն, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է, ներկայացրեց «Բախ-Վայնբերգ» համերգային ծրագիրը։ Փառատոնային ծրագրի հաջորդ համերգին հնչեցին Գեղունի Չթչյանի «Բարի լույս» նախերգանքը, Արթուր Ահարոնյանի «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմը՝ գրված Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» գրական երկի հիման վրա։ Նվագախումբը ներկայացրեց նաև Էդուարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։ Հնչել են նաև Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտը, որը Հայաստանում կատարվել է առաջին անգամ (մենակատար՝ Մարիո Բրունելլո)։
Փառատոնը ներառում է և՛ հայ, և՛ օտար կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ միավորելով սերունդների։ Փառատոնը միայն այն համերգները չեն, որոնք տեղի են ունենում, փառատոնի համերգները հսկայական աշխատանքի արդյունքն են։ Ամբողջ տարի մենք մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի այդ ստեղծագործությունների ձայնագրությունները, տեսագրությունները հայտնվեն միջազգային մեդիահարթակներում։

-Կարծում եմ, որ այդ աշխատանքը նկատվում և գնահատվում է։ Այս տարի փառատոնը համագործակցում է GTB Holdings ընկերության հետ։ Այդ գործընկերությունն ի՞նչ հեռանկարներ է բացում ստեղծագործողների առաջ։
-GTB Holdings-ը մեր ռազմավարական գործընկերն է, որի միջոցով կարողանում ենք բոլորովին նոր մակարդակով իրականացել այս փառատոնը։ Այդ համագործակցության շնորհիվ Universal Edition հրատարակչական հարթակը կսկսի թողարկել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Որպեսզի պատկերացնենք, թե որքան կարևոր է դա, պետք է հասկանանք, թե ինչ մեծ խնդիրներ ունենք կոմպոզիտորական ժառանգության պահպանման առումով։ Մեր կոմպոզիտորների 80 տոկոսից ավելին ընդհանրապես ներկայացված չէ միջազգային հարթակներում, ինչն անհնար է դարձնում ոչ միայն հեղինակի ստեղծագործությունների կատարումը, այլև նրա՝ որպես կոմպոզիտոր իրավական կարգավիճակ ունենալը։ Այս գործընկերության արդյունքում պետք է սկսենք կոմպոզիտորների համար ստեղծել իրավական պարզեցված դաշտ, որպեսզի նրանք կարողանան ներկայանալ բոլոր հայտնի նվագախմբերին ու արտիստներին, որոնք կատարման համար ստեղծագործություններ են ընտրում։ Պետք է կարողանանք ապահովել նրանց հեղինակային և գույքային իրավունքները՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Մենք ունենք մեծ կոմպոզիտորական դպրոց և՛ 20-րդ դարում, և՛ հիմա։ Եթե մեր դպրոցը համեմատենք ԱՊՀ երկրների կոմպոզիտորական դպրոցների հետ, կտեսնենք, որ առաջին հնգյակում ենք կոմպոզիտորների քանակով, ստեղծագործությունների բազմազանությամբ, ինչը որևէ կերպ ներկայացված չէ։
-Պարոն Բալբաբյան, իսկ ի՞նչն է պատճառը։
-Պատճառն այն է, որ տարիներ շարունակ մոնիթորինգ չի արվել։ Կոմպոզիտորները ստեղծագործող մարդիկ են, նրանք երբեք չեն կարողանա զբաղվել իրենց հանրահռչակմամբ։ Այսօր ամեն ինչ թվային հարթակում է։ Դա պրոդյուսերական, ինչպես նաև ստեղծագործությունների իրավական գրանցման աշխատանք է։ Այդ ամենի բացակայության պատճառով գույքային իրավունքները պահպանված չեն։ Երբ ստեղծագործությունը կատարվում է, տվյալ գործի հեղինակը պետք է վարձատրվի, քանի որ նա չկա որևէ հարթակում, չունի վերահսկողական մեխանիզմ, չի կարողանում պահանջատեր լինել ու վճարվել։ Ամենահասարակ հարցը մեզ մոտ լուծված չէ։ Կոմպոզիտորը գրում է ու պարտավոր է գրել, բայց դրա դիմաց ոչինչ չի ստանում, իսկ ինչպե՞ս նա պետք է ապրի։ Այնպես չէ, որ գրանցման պարագայում բոլոր հարցերը լուծվում են, բայց դաշտում իրավական կարգավորումներ ունենալը բարեփոխումների առաջին քայլն է։
-Հուսամ՝ Ձեզ կհաջողվի որոշ չափով լուծել այդ խորքային խնդիրները։ Պարոն Բալբաբյան, իսկ ի՞նչ է սպասվում մարտի 17-ին և 30-ին կայանալիք համերգներին։
-Մարտի 30-ին լեհական երեկո է սպասվում։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացնելու ենք լեհ կոմպոզիտորների անսամբլային և կամերային գործեր։ Մենք շատ կարևորում ենք հայ-լեհական մշակութային հարաբերությունները՝ ի դեմս դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու, Հայաստան-Լեհաստան համագործակցության ու ջերմ կապերի, որոնք Ժամանակակից երաժշտության փառատոնը ձգտում է պահպանել։ Մարտի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը նվիրված է լինելու Պենդերեցկու կնոջը՝ Էլժբետա Պենդերեցկայային։ Կատարելու ենք Պենդերեցկու «Ադաջիո»-ն։
Հայտնի ջութակահար Ռոման Կիմն է Հայաստան գալու իր գրած Ջութակի կոնցերտի պրեմիերայով, հնչելու է նաև Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը, որն առաջին անգամ կկատարի տաղանդավոր դաշնակահար Ռուբեն Կոզինին։ Հնչելու է նաև Քեթրին Սաքսոնի «Նունատակ» ստեղծագործությունը։

-Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով կսպասենք կայանալիք համերգներին։
-Ես ևս շնորհակալ եմ։
Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստն ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։
Ժամանակակից երաժշտության փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։
